«Նարեկացի» արվեստի միությունը 12 տարեկան է


«Նարեկացի» արվեստի միությունը 12 տարեկան է

  • 07-09-2016 13:55:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Նարեկացի» արվեստի միությունը տոնական և մշակութային տրամադրությամբ նշեց իր 12-րդ տարեդարձը՝ տոնը նվիրելով հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Միության դահլիճը լեփ-լեցուն էր, մթնոլորտը` ջերմ, իսկ հանդիսատեսը` հետաքրքրված և հիացմունքով լի:
«Սայաթ-Նովայի հետ» խորագիրը կրող միջոցառումների շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացրեց աշուղ-բանաստեղծի կյանքին և ստեղծագործական ուղուն անդրադարձած մշակութային գործիչների, գիտնականների, երաժշտագետների աշխատանքները: Տոնական միջոցառումը սկսեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ողջույնի խոսքով, ով բարի գալուստ մաղթեց հյուրերին և խոսքը փոխանցեց  Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին:
«Ըստ «Նարեկացի» արվեստի միության ավանդույթի՝ կարևոր միջոցառուները սկսվում են Տիրոջ օրհնությամբ»,-նշեց Նարեկ Հարությունյանը:
Միության 12-րդ տարեդարձի բացումը շարունակվեց տերունական աղոթքով, որից հետո Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:
«Նարեկ Հարությունյանի մոտ տարիներ առաջ հղացավ այս միտքը, և նա համարձակություն ու խիզախություն ունեցավ, որպեսզի կյանքի կոչի այն: ՆԱՄ-ը Տիրոջ առաքյալների թվով՝ «12» -ով է նշում իր այս տարեդարձը. թող 12-րդ տարին դառնա 72 և բազմապատկվի: Ես այստեղ եմ որպես բարեկամ և ցանկանում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Նարեկ Հարությունյանին ու նրա գործընկերներին: Վերջերս միության անդամները Բերդում էին և խիզախեցին 4 անգամ համերգ տալ, այդ թվում՝զորամասերում։ Թող ձեր օրինակը մյուսների համար վարակիչ լինի, իսկ ձեր ծավալած գործունեությունը մնա ոչ միայն Երևանի ներսում, այլ հասնի և տարածվի մարզերում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս առաքելության մեջ»,-նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Իր խոսքի ավարտից հետո Տավուշի թեմի առաջնորդը «Նարեկացի» արվեստի միությանը նվիրեց խաչ, որը բերել էր Երուսաղեմից:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ միջոցառման հյուրերին ներկայացրեց ՆԱՄ-ի անցած ճանապարհն ու ծավալած գործունեությունը, որն իրականացվել էր տարիների ընթացքում:
«Այսօր մեր տոնն է, որը պետք է նշենք երգով ու պարով: Մեր ծնունդն իր մեջունի շատ կարևոր խորհուրդ. այն ամեն տարի մեզ է հիշեցնում մեր ուխտի մասին: Մենք առաքելություն ունենք անշահախնդիր, վեհությամբ և հավատով ծառայելու մեր մշակույթին, մեր ազգին: Այդ պատճառով էլ միությունը կրում է Գրիգոր Նարեկացու անունը, որ Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի: Ամեն հայ մեր ուխտի մի մասն է կազմում, քանի որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի առաքելություն: Մեր փոքրիկ օջախը կոմպոզիտոր Մանսուրյանն անվանում է «հոգևոր տուն», որն արդեն 12 տարի է, ինչ հավատարիմ է իր գործունեությանը: Այս տարիների ընթացքում մենք շատ գործեր ենք իրականացրել, բայց շատ գործեր էլ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն», -ասաց Նարեկ Հարությունյանը:
Ծննդյան օրվա միջոցառումներին հանգուցվեց նաև «Նարեկացի» արվեստի միության նոր կայքի բացումը: Նարեկ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց հետաքրքիր և նոր լուծումներով կայքը, որտեղ զետեղված են ՆԱՄ-ի անցած ճանապարհի և իրականացրած աշխատանքների մասին պատող բազմաթիվ նյութեր:  Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը ( նվագակցող` Հարություն Թագվորյան), «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը և այլն:
«Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար, երգչուհի Լուսինե Ազարյանը նշեց, որ ուրախ է դառնալ միության թիմի անդամ: «Ուրախ եմ, որ միացել եմ «Նարեկացի» արվեստի միության թիմին: Իսկապես, մեծ առաքելություն է դրված միության առջև. այստեղ իրականացվում և կյանքի են կոչվում այնպիսի մեծ ծրագրեր ու նախագծեր, որոնք պետք է արվեն պետական մակարդակով», -նշեց Լուսինե Ազարյանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, ով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միությանը՝ «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունները» գրքի հրատարակումն իրականացնելու համար:
«Գրքում Հենրիկ Բախչինյանը ներկայացրել է խոշորագույն աշուղ-բանաստեղծի ողջ ժառանգությունը և հայերեն խաղերի ճշգրտված բնագրերը: Քանի մարդ է կրթվել այստեղ, քանի արվեստներ և սերունդներ են ծաղկել այստեղ: Ով գալիս է այս օջախ, վերադառնում է ավելի հայացած, ավելի հանգստացած և իմաստուն: Ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հետո՝ Մոսկվայի, իսկ հիմա ուսումս շարունակում եմ «Նարեկացի» արվեստի միությունում, որն, իմ կարծիքով, պետք է վերանվանել «Նարեկացի» արվեստների ակադեմիա: Ավելացնելու բան չունեմ, քանի որ այսքանով ամեն ինչ ասված է», - նշեց Դանիել Երաժիշտը:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև աշուղ-բանաստեղծին նվիրված ցուցահանդեսի բացում, որտեղ ներկայացված էին նկարիչ Հրաչյա Ռուխկյանի` Սայաթ-Նովայի դիմանկարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար» ձեռագիր մատյաններից մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Հրաչյա Ռուխկյանի զավակներին՝ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, նվիրեց խորհրդանշական նվեր, որն իր մեջ ամփոփում էր նաև «Հայ մշակույթի դեսպան» լինելու խորհրդանշական կոչումը:
Միջոցառման ավարտին ՆԱՄ-ի գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը հանդես եկավ նաև շնորհակալական խոսքով:
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուրին, ովքեր մասնակցել են «Սայաթ-Նովայի» հետ միջոցառումների շարքի կայացմանն ու նպաստել աշուղ-բանաստեղծի ստեղծագործական կյանքի լուսաբանմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես՝ Չարենցի անվան գրականության և արվեստի  թանգարանի ողջ անձնակազմին, սայաթնովագետ Հենրիկ Բաղչինյանին, Թովմաս Պողոսյանին, մեծարգո Դանիել Երաժիշտին, Հրաչյա Ռուխկյանի զավակներին՝ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, որոնց շնորհիվ կարողացանք Նարեկացի արվեստի միությունում ներկայացնել Սայաթ-Նովայի ռուխկյանական հայտնի և անհայտ կտավներն ու գծանկարները»,- ասաց նա:
 Միջոցառմանը ներկա էին կոմպոզիտոր,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ  Տիգրան Մանսուրյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը,  դասախոս, ԵՊԿ պրոֆեսոր  Ծովինար Հովհաննիսյանը, երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, քամանչահար, գեղանկարիչ Հակոբ Խալաթյանը, «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, հայ երգահան, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը և այլ ներկայացուցիչներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play