Ի հիշատակ արցախյան քառօրյա պատերազմում զոհվածների՝ Արտաշատում բնակիչների ջանքերով խաչքար բացվեց (տեսանյութ)


Ի հիշատակ արցախյան քառօրյա պատերազմում զոհվածների՝ Արտաշատում բնակիչների ջանքերով խաչքար բացվեց (տեսանյութ)

  • 10-09-2016 15:16:39   | Հայաստան  |  Հասարակություն



Արցախյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակն անմահացնելու  համար Արտաշատ քաղաքի բակերից մեկում տեղի ունեցավ խաչքարի բացման հանդիսավոր արարողություն: 
Հուշակոթողին առաջինը մոտեցան Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգևորականները` հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանի գլխավորությամբ: 
 
Վերջինս օծելով ու օրհնելով հուշարձանը` հավաքվածներին առաջարկեց  միասնական աղոթք հնչեցնել առ Աստված և հանգստություն խնդրել հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում նահատակված հերոսների հոգիների համար: 
Արտաշատի բնակիչներ` նախաձեռնության հեղինակ Քաջիկ Գրիգորյանի և հովանավոր Հովսեփ Խուդոյանի համատեղ ջանքերով իրականություն դարձած գաղափարի շնորհիվ այսուհետ արտաշատցիները հնարավորություն ունեն ոչ միայն հաճախակի հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել բարեկարգված բակում տեղադրված խաչքարի մոտ, այլև զոհված հերոսների օրինակով դաստիարակել մատաղ սերնդին: 
Խաչքարի հեղինակ, 16-ամյա քանդակագործ Մուշեղ Բարսեղյանը, ով ապագա զինվոր է, անկեղծանում է. «Խաչքարն ստեղծելիս լցված է եղել մեծ հպարտությամբ ու անսահման հայրենասիրությամբ, որը կրկնապատկել է Հայոց բանակում ծառայելու և հերոս տղաների արժանի հետևորդը լինելու ցանկությունը»: 
«Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Ռազմիկ Ռուշանյանի խոսքերով` հուշարձանի վրա պատկերված խորհրդանիշները, մասնավորապես, խաչի տեսքով սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժը և հավատքը: 
Միջոցառման ավարտին կատարվեց մատաղի արարողություն, այն բաժանվեց ներկաներին:
Ի դեպ` խաչքարի կանգնեցման գործում իր ներդրումն է ունեցել նաև Արտաշատի քաղաքապետը, ով տրամադրել է տարածքը և բարեկարգման աշախատանքների համար անհրաժեշտ շինանյութը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝  «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play