Արցախում սեպտեմբերի 15-17-ը տեղի կունենա «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը


Արցախում սեպտեմբերի 15-17-ը տեղի կունենա «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը

  • 13-09-2016 16:02:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը  մշակութային  ինքնության  պահպանման,  ազգային  և ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման,  ինչպես նաև  միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում սկսում է նոր ՝ «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային  նախագիծը:
 
 
«Արցախէթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է  իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում, տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը և կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն: 
«Արցախէթնոֆեստ» առաջին միջազգային փառատոնը կանցկացվի 2016թ. սեպտեմբերի 15-17-ը: Փառատոնը կունենա «Երկրի համը» անվանումը և կներկայացնի տարբեր երկրների ազգային խոհանոցները: Փառատոնին կմասնակցեն ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից և իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի  շրջանակներում նրանք կպատրաստեն և  հյուրերին կմատուցեն իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները: 
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրում: Կներկայացվեն ֆրանսիական կրեպը, ռումինական մամալիգան, բրնձով պատրաստված կորեական ուտեստներ, սիրիական աղցաններ և արևելյան քաղցրավենիք, վրացական սացիվին, ինչպես նաև Արցախյան խոհանոցի այցեքարտ ժենգյալով հացը, կուրկուտը, ավանդական խորովածը: Փառատոնի օտարերկրացի մասնակիցների համար կկազմակերպվի ժենգյալով հացի թխման  վարպետության դաս և մրցույթ:  Միջոցառումը կուղեկցվի հետաքրքիր համերգային ծրագրերով: 
Փառատոնին մասնակցության համար դիմել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ /047/ 73 43 88 hեռախոսահամարով:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play