Ով ում փոխարեն է նշանակվելու, ով է հեռացվելու...


Ով ում փոխարեն է նշանակվելու, ով է հեռացվելու...

  • 13-09-2016 19:59:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայկական մամուլում շարունակվում են կանխատեսումներն ու արտահոսքերը կապված նոր կառավարության կազմի հետ: Այսօրվանից սպասվում են նշանակումներ ու կադրային փոփոխություններ, կառավարության կազմը հնարավոր է փոխվի մոտ 80 տոկոսով:
 
Ընդհանրապես, միշտ էլ իշխող համակարգում ցանկացած փոփոխություն հետաքրքրություն է առաջացնում, ինչպես նաեւ հույսեր, առավել եւս Հայաստանում, որտեղ ըստ էության իշխանությունը չի փոխվում տասնամյակներով, նկատի ունենալով դրա բնույթն ու ձեւավորման տրամաբանությունը:
Մարդկանց առավել հետաքրքրում է, թե ով ում փոխարեն է նշանակվելու, ով է հեռացվելու, ով ինչ է ստանալու եւ այլն, եւ հետաքրքրությունն այդքանով էլ սահմանափակվում է, քանի որ ինքը համակարգը չի փոխվում:
Մյուս կողմից, չկա ըստ էության քննարկում նաեւ փորձագիտական, ԶԼՄ շրջանակներում, թե ինչ գործընթացներ են եւ ուր են տանում երկիրը:
 
Իշխանության «անցման» ներկայիս փուլն ունի մի շարք առանձնահատկություններ, կապված թե կառավարման կարգի կտրուկ փոփոխության, թե «սերնդափոխության» հետ, ինչը ենթադրում է, որ առաջիկա տասնամյակի համար ձեւավորվելու է տնտեսաքաղաքական նոր ստատուս-քվո: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս փոփոխություններն հետեւանք են ներքին ու արտաքին խորքային գործընթացների:
Իշխանության ձեւավորման եւ հատկապես «անցման» շրջաններում հանրությունը սովորաբար կատարում է միայն դեկորի դեր, մասնավորապես ընդդիմության համար, որի արդյունքում «լեգիտիմացվում» են այդ գործընթացները: Հանրությանը իշխանության ձեւավորման իր սահմանադրական պարտավորությունից հեռացնելը եղել է հայկական ներքաղաքական դերակատարների հիմնական նպատակներից մեկը:
Այս նոր փուլն այդ առումով բացառություն չէ: Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի եւ հետագա մի շարք ելույթներում սահմանել է իշխանության ձեւավորման մեխանիզմներն ու սկզբունքները, իշխանության մեջ տեղ ունենալու պայմանները: Քաղաքական համակարգն ընդունել է այդ պայմանները, Սերժ Սարգսյանի ծրագրերին հավանություն տալով թե ապրիլյան պատերազմի, թե հուլիսյան իրադարձությունների օրերին, ինչպես նաեւ նոր Ընտրական օրենգրքի շուրջ:
 
Հանրությանն այսպիսով կրկին թողնվել է ինտրիգների ու կադրային փոփոխությունների տեսարանը, հացը խոստանալով հետո:
Այսպիսով, խորքային գործընթացները կարծես թե կրկին հաջողվում է տեղայնացնել իշխող համակարգի շրջանակներում, իսկ դա նշանակում է, որ հանրային-պետական խնդիրների լուծման առումով էական փոփոխություն չի լինելու:
Այդ փոփոխությունը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ հանրությունը կարողանա հրաժարվել այն մտակաղապարներից ու մոտեցումներից, որոնք երկու տասնամյակների ընթացքում արմատավորվել են իշխանության ու ընդդիմության ջանքով, եւ մեխանիզմներ գտնի իշխանության ձեւավորման իր իրավունքը հաստատելու համար:
Մինչ այդ, իշխող համակարգն այսօրվանից սկսում է իշխանության «անցման» գործընթացն առաջիկա տասնամյակի համար: Այն խոստանում է հետաքրքիր ու անակնկալներով լեցուն լինել: Եվ հնարավոր է նաեւ՝ ուսուցողական:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play