«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մեկնարկել են Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ


«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մեկնարկել են Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

  • 16-09-2016 17:56:31   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Սեպտեմբերի 16-17-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնում մեկնարկել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք, որը կազմակերպել է ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառումների մեկնարկը տրվել է «Բնապահպանական հիմնահարցերը Հայաստանում» խորագրով հրավիրած կլոր սեղանով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված բնապահպանական բոլոր կոնվենցիաների ազգային համակարգողները, ինչպես նաև Հայաստանում միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և բնապահպանական ոլորտի պատասխանատուները: 
 
   Ողջունելով հյուրերին և կարևորելով օզոնային շերտի պահպանությանն ուղղված համամարդկային ջանքերը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. Միջազգայնորեն ընդունված բնապահպանական օրերի հիշատակումը նպատակ ունի հասարակության ուշադրության կենտրոնում պահել շրջակա միջավայրին առնչվող խնդիրները: Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է՝ Վերականգնե´նք օզոնն ու կլիման միահամուռ ջանքերով: Այս կարգախոսը հստակ փաստում  է բնապահպանական խնդիրների` օզոնային շերտի քայքայման և Երկիր մոլորակի գլոբալ տաքացման փոխկապվածությունը: Սակայն, ինչպես գիտեք, բնապահպանական բոլոր խնդիրներն են փոխկապված: Սրանով է պայմանավորված այսօրվա կլոր սեղանի ձևաչափը, երբ բնապահպանական խնդիրները կքննարկեն Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված բնապահպանական բոլոր կոնվենցիաների համակարգողները: Ամփոփելով ելույթը՝ նախարարն արդյունավետ աշխատանքային քննարկում է մաղթել կլոր սեղանի մասնակիցներին: 
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը: Կարևորելով օրվա խորհուրդը՝ դեսպանը շեշտել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ակտիվ համագործակցել ՀՀ բնապահպանության նախարարության հետ ոլորտային նշանակության խնդիրների լուծման ուղղությամբ: Դեսպան Ավակովը կարևորել է միջոցառումների շրջանակում անցկացվող էկոկրթական դասընթացները, որոնց իր աջակցությունն է ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Ըստ դեսպանի՝ նման դասընթացները մատաղ սերնդի մոտ սերմանում է պատասխանատվության զգացում հայրենի բնության հանդեպ: 
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը կարևորել է օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված քայլերը և ներկայացրել ՄԱԶԿ-ի աջակցությամբ այս ուղղությամբ իրականացվող քայլերը:
 
Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը կլոր սեղանի մասնակիցներին է ներկայացրել օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված միջոցառումները և առաջիկա անելիքները՝ մասնավորապես նշելով. Հայաստանը 17 տարիների ընթացքում վերացրել է 198տոննա քլորֆտորածխածինների (ՔՖԱ) գործածումը երկրում: Այժմ հերթը հիդրոքլորֆտորածխածիններինն (ՀՔՖԱ) է: Հայաստանն արդեն կրճատել է նաև ՀՔՖԱ-ները` տարեկան ծավալը 126 տոննայից մինչև 114տոննա: Տարիներ առաջ ՀՖԱ-ները լայնորեն ընդունվում էին որպես սառնարանային տեխնիկայում և օդորակիչներում օգտագործվող օզոնաքայքայիչ նյութերի համար այլընտրանքային նյութեր: Սակայն գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ օզոնաանվտանգ նյութեր լինելով հանդերձ, դրանք հզոր ջերմոցային գազեր են հանդիսանում: Այսօր աշխատանքներ են տարվում նրանց օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ: 2015 թվականին ՄԱԿ-ի գագաթնաժողովում ընդունված մինչև 2030 թվականը «Կայուն զարգացման օրակարգ»-ի ներքո մենք պարտավոր ենք ձեռնարկել միջոցներ, որոնք կնպաստեն ներառական աճին և մարդկանց ու մեր մոլորակի բարեկեցության բարձրացմանը: Կլիմայի փոփոխության առումով Փարիզյան համաձայնագիրը պատմական բեկումնային պահ է ավելի անվտանգ և կայուն կյանքի ապահովման ճանապարհին: Այժմ անհրաժեշտ է նպատակները վերածել կոնկրետ քայլերի և ամրապնդել կլիմայի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով Մոնրեալի արձանագրության իրավասությունները՝ ջերմոցային գազերից ամենաարագը զարգացող հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) աճը զսպելու նպատակով»:
 
Միջոցառումների շրջանակներում  ՀՀ  բնապահպանության նախարարության մասնագետները էկոկրթական դասընթացներ են անցկացնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից համայնքների մոտ 200 դպրոցականների հետ: Նախարարության մասնագետները և միջազգային բնապահպանական ծրագրերի համակարգողները դասընթացների ժամանակ աշակերտներին մատուցել են գիտելիքներ Հայաստանի հարուստ բուսական և կենդանական աշխարհի և բնության ընդհանուր համակարգում նրանց դերի, հազվագյուտ բուսատեսակների և կենդանատեսակների, արևի անցանկալի ճառագայթներից պաշտպանվելու համար օզոնային շերտի և նրա պահպանման կարևորության, բնության մեջ և մարդու կյանքում ջրային ռեսուրսների դերի, դրանց խնայողական օգտագործման և պահպանման խնդիրների վերաբերյալ: Դպրոցականները և ուսուցիչները հնարավորություն են ունեցել շրջայց կատարելու արգելոցի տարածքում, ծանոթանալու  տեղի հարուստ կենդանական և բուսական տեսակներին և տեղեկանալու արգելոցի պահպանման ռեժիմին:
Արգելոցին հարակից Վեդի քաղաքի արվեստի դպրոցի սաները ներկայացրել են բնապահպանական թեմայով իրենց ստեղծագործությունները: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play