Կուտինահայերի ստեղծած հախճապակե իրերը մինչև դեկտեմբեր ցուցադրվելու են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (տեսանյութ)


Կուտինահայերի ստեղծած հախճապակե իրերը մինչև դեկտեմբեր ցուցադրվելու են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (տեսանյութ)

  • 22-09-2016 15:59:46   | Հայաստան  |  Մշակույթ



Կուտինահայերի ստեղծած հախճապակե իրերը մինչև դեկտեմբեր ցուցադրվելու են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Օրերս Հայաստանի Հանարպետության անկախության 25-ամյակի կապակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու ստեղծման դարավոր ավանդույթների ճանաչմանը և հանրահռչակմանը:
 
Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էին հասարակական ու մշակութային գործիչներ, դիվանագիտական կառույցների ղեկավարներ, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ շրջեց ցուցասրահով և ծանոթացավ ներկայացվող նմուշներին:
Պարզվում է, կուտինահայերի ստեղծած հախճապակու ցուցադրության համար Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ընտրությունը բնավ էլ պատահական չէ, այլ դա պայմանավորված է նրանով, որ Կոստանդնուպոլսից մոտ 300 կիլոմետր հարավ-արևելք ընկած Կուտինա քաղաքում է ծնվել և նախնական կրթություն ստացել մեծ երգահան Կոմիտասը:
Վերջինիս ծնդդավայրը խեցեգործության և հախճապակու արդյունաբերության պատմական կենտրոն է եղել, որտեղ 16-20-րդ դարերում, շնորհիվ հայ վարպետների` ծաղկում է ապրել գեղարվեստական ինքնատիպությամբ առանձնացող կիրառական արվեստի այս ճյուղը:
Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված շուրջ 50 հախճապակե ցուցանմուշները փոխառնվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ինչպես նաև Գարագաշեան և Մինասեան ընտանիքների մասնավոր հավաքածուներից:
Կուտինահայ վարպետների կերտած հախճապակե իրերը ներկայումս պահվում են Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում, Վենետիկում, Երուսաղեմում, այժմ նաև Երևանում գործող խոշորագույն թանգարաններում:
Ցուցահանդեսին զուգահեռ թանգարան-ինստիտուտի բակում անցկացվեց բաց դաս` հախճապակու և կավագործության վերաբերյալ: Այն պարբերական բնույթ է կրելու: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի հաշմանադամների «Փյունիկ» միության հետ համատեղ` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 20-ը` ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը` «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play