Ոչ մի նոր բանի սպասել պետք չէ․Մանվել Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին


Ոչ մի նոր բանի սպասել պետք չէ․Մանվել Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին

  • 23-09-2016 17:51:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից գրավել է միայն այն հատվածը, որտեղ խոսք էր գնում համանախագահների՝ տարածաշրջան այցի մասին:
 
Սակայն այս պարագայում էլ, ըստ նրա, ոչ մի նոր բանի սպասել պետք չէ, հայտնում է tert.am-ը:
 
«Ապրիլյան պատերազմից հետո ամենաառարկայական հանդիպումը Վիեննայինն էր, որտեղ որոշակի սկզբունքներ ընդունվեցին: Այն շատ կոնկրետ իրավիճակ էր, իրավիճակից դուրս գալու ելք էր, սակայն Ադրբեջանը հետ կանգնեց իր պայմանավորվածություններից»,- ասաց Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ քանի որ բանակցություններում նոր առաջարկներ չկան, բանակցություններ սկսելու հավանականություն չկա:
 
Անդրադառնալով Հայաստանի վարած քաղաքականությանը՝ Մանվել Սարգսյանը մատնանշեց, որ մեր կողմից հստակ դիրքորոշում չեղավ ու հիմա էլ չկա։ «Ապրիլյան պատերազմից հետո շատ կոնկրետ բաների մասին են խոսել, պայմաններ են դրել, առաջարկներ են եղել պայմանագիր կնքելու, որ կարողանային անել, իրավիճակ կփոխեին: Բայց Հայաստանն այդ ամենից հետ է կանգնել և հիմա անելու բան չունի»,- ասաց նա:
 
Խոսելով բոլոր համանախագահների պատրաստականության մասին՝  կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների հանդիպումը, Մանվել Սարգսյանը նշեց․ «Բոլոր համանախագահներն էլ պնդում են, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները ուժի մեջ են,Պետերբուրգում էլ ընդգծեցին այդ պայմանավորվածությունները: Նոր թեմա գոյություն չունի: Խոսել, թե որ երկրում կլինի, անիմաստ է: Հանդիպումը լինում է այն ժամանակ, երբ բանակցություններում նոր թեմա լինի»:
 
Դիտարկմանը, թե կարծես փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նոր թեմա է արդեն տվել՝ նշելով, որ պետք է վերանայել Մադրիդյան սկզբունքները, քաղաքագետը պատասխանեց․ «Փոխարտգործնախարարի ասածը ոչինչ չի նշանակում, դա պետք է պաշտոնապես սեղանին դրվի, իսկ այդ մասին մենք տեղեկություններ չունենք»:
 
Ամփոփելով ապրիլյան պատերազմից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային արդյունքները՝ Մանվել Սարգսյանը նշեց․ «Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն իրեն բարդ քաղաքական վիճակի մեջ է դրել, իսկ Հայաստանը դրանից որևէ կերպ չի օգտվել: Մենք կարող ենք խոսել, որ Ռուսաստանն ավելի զգուշավոր է դարձել, փորձում է ռազմական բալանսը պահպանել, բերել հավասարակշռության: Իսկ ընդհանրապես  հիմա որևէ գործընթաց չի կատարվում, Ադրբեջանը շարունակում է խախտել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը