Ucom-ի աջակցությամբ Կողբ գյուղում 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի


Ucom-ի աջակցությամբ Կողբ գյուղում 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի

  • 26-09-2016 16:58:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդես-միջոցառումը, որով տրվեց «Կողբ-Թումո» նախագծի մեկնարկը և որի ժամանակ փոխըմբռման հուշագրեր ստորագրվեցին «Կողբ» հիմնադրամի, Տավուշի մարզպետարանի, «Ucom» ընկերության և «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության միջև։ 
 
 Միջոցառման ընթացքում «Կողբ» հիմնադրամի տնօրեն՝ Արթուր Աբովյանը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն՝ Մարի Լու Փափազյանը ներկայացրեցին «Թումո-Կողբ» նախագծի մանրամասները։ Ըստ բանախոսների՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում առնվազն 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի, որը կծառայի նաև սահմանամերձ Նոյեմբերյան, Բերդավան և այլ համայնքների պատանիներին և երիտասարդներին: Կենտրոնի շինարարությունը կմեկնարկի նոյեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018 թվականին: Կրթական ծրագիրը չի տարբերվելու Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումոներում իրականացվող ծրագրից, իսկ դասավանդող անձնակազմն ու միջազգային մասնագետները կշարունակեն կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով նաև այստեղ: 
«Վերջին տարիներին Ucom-ը հետևողականորեն իրականացնում է կրթական համալիր ծրագրեր դպրոցական տարիքի երեխաների համար: Քաջ գիտակցելով տարբեր բնակավայրերում նրանց անհամաչափ հնարավորությունները, մենք ուշադիր ենք հատկապես բարձր տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությամբ  բնակավայրերի նկատմամբ: Որպես հայկական ընկերություն, Ucom-ն այսօր բոլոր ջանքերն ուղղում է հայրենիքի, հայ մարդու և, մասնավորապես՝ հայ պատանիների զարգացմանը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։ 
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Արման Բարսեղյանը ամփոփեց. «Օրեր առաջ նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է մեր պետության անկախության ամրապնդման ուղղությամբ»: 
 
        
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play