gg-ին հասանելի կլինի Ստեփանակերտում


gg-ին հասանելի կլինի Ստեփանակերտում

  • 27-09-2016 17:31:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Կազմակերպություններ

Երևանյան gg ընկերության բջջային հավելվածը հասանելի կլինի նաև Ստեփանակերտում. մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն կունենան օգտվել ժամանակակից օնլայն մեքենա պատվիրելու ծառայությունից:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության համահիմնադիր տնօրեն Արտաշես Թովմասյանը:
 
«Մեզ համար Արցախը նույն Հայաստանն է: Մենք աշխատում ենք ՀՀ խոշոր քաղաքներում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Սևանում, Հրազդանում, Դիլիջանում, Իջևանում և իհարկե Ստեփանակերտը բացառություն լինել չեր կարող: Ուղղակի այստեղ ուշ ենք սկսում մեր աշխատանքները, որովհետև Ստեփանակերտում ունեինք 3G ցանցով տրամադրվող համացանցի արագության` ոչ բոլորի հասանելի լինելու խնդիր: Իսկ հիմա շուկան արդեն ուսւմնասիրել ենք, խնդիրներ չկան, մարդկանց ձեռքին կան սմարթֆոններ»,- ասել է Ա. Թովմասյանը` շեշտելով, որ gg-ին տաքսի ծառայություն չէ, այլ համակարգ, որտեղ կարող են գրանցվել վարորդներն ու հաճախորդները և փոխադրումներ իրականացնել:
 
gg-ին հեշտացրել է տաքսիներից օգտվող մարդկանց կյանքը, սպասարկման ոլորտում ներմուծելով նոր մշակույթ։ Այն Հայաստանում փոխել է նաև ընկալումները տաքսի ծառայության վերաբերյալ։ Հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի համար: Մոբայլ հավելվածից բացի, գործում է նաև կայքով մեքենա պատվիրելու տարբերակը:
 
«Դեռևս 2008 թվականին ես և իմ գործընկեր Խաչատուր Գրիգորյանն աշխատում էինք մեկ այլ ընկերությունում, նմանատիպ համակարգ էինք մշակել, բայց 2008 թվականին մեր շուկան դեռ զարգացած չէր համապատասխան հավելվածը կյանքի կոչելու համար: Դրա համար ժամանակավորապես այդ գաղափարը մի կողմ դրեցինք: 2014 թվականի հունվարին հիմնելով մեր ընկերությունը սկսեցինք զբաղվել այդ հավելվածի մշակմամբ: Մոտ 2.5-3 ամիս ծրագրավորումից հետո ապրիլի 14-ին կատարեցինք առաջին պատվերը: Երբ մենք սկսեցինք մեր գործունեությունն առաջինն էինք Հայաստանում, որ օգտագործում է նմանատիպ հավելված: Մեր ընկերությունը գրանցված չէ արտասահմանում, գրասենյակը գտնվում է Երևանում, այնպես որ՝ gg-ն ամբողջովին հայկական պրոդուկտ է»,- մանրամասնել է ընկերության տնօրեն Ա. Թովմասյանը:
 
Ինչ վերաբերում է gg ընկերությունում գրանցվելու համար անհրաժեշտ պայմաններին, դա առաջին հերթին վերաբերում է մեքենային, որը պետք է լինի ոչ խորհրդային արտադրության: Թիվը 2000 թվականից բարձր: Վարորդները պետք է լինեն բարեկիրթ, բարետես, կրթված, ծանոթ քաղաքին և այլն:
 
«Մենք առաջին հերթին շեշտը դնում ենք որակի վրա և պահում ենք հետադարձ կապը հաճախորդների հետ։ Ցանկացած բողոք, դժգոհություն ուսումնասիրվում է և անմիջապես արձագանք ստանում։ Ցանկացած մարդ, ով վատ է սպասարկում, դուրս է գալիս մեր համակարգից։ Հավանաբար դա զգացել են նաև հավելվածից օգտվողները, քանի որ մեր հաճախորդների թիվն օրեցօր ավելանում է։ Այսօր գրեթե բոլոր սմարթֆոն ունեցողներն իրենց հեռախոսներում ներբեռնել են gg հավելվածը»,- պարզաբանել է Ա. Թովմասյանը:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play