Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ջավախքի խնդիրը ընկալվում է<br /> որպես մի սեպ, որը կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ,-<br /> գտնում է Աշոտ Մելքոնյանը<br />


Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ջավախքի խնդիրը ընկալվում է
որպես մի սեպ, որը կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ,-
գտնում է Աշոտ Մելքոնյանը

  • 18-02-2010 15:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին Վրաստանի իշխանությունները խտրական քաղաքականություն են իրականացնում վիրահայության նկատմամբ: Այս մասին Սամցխե-Ջավախեթի-Ծալկա տարածաշրջանի հայապահպանության եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված փետրվարի 18-ի սեմինար-քննարկմանը հայտարարեց Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, այսօր վրացական իշխանությունները որդեգրել են ջավախահայության քաղաքական, լեզվական, հոգեւոր-մշակութային, սոցիալ-տնտեսական իրավունքները ոտնահարող քաղաքականություն: Այդ քաղականությանն արդյունքում ջավախահայության մեջ գնալով տարածվում են վախի եւ հիասթափության տրամադրություններ, ինչն իր հերթին հանգեցնում է տարածաշրջանից արտագաղթի ծավալների մեծացմանը: «Այս քննարկումը միտված է Վրաստանում ապրող հայերի բոլոր խնդիրները բարձրաձայնելուն` կոչ անելով Հայաստանի իշխանություններին, սփյուռքյան կազմակերպություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել հայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ: Այս կոչն ուղղված է նաեւ միջազգային կազմակերպություններին, որպեսզի վերջիններս ճնշում գործադրեն վրացական իշխանությունների վրա ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցում»,- ասաց Շ.Թորոսյանը: Առկա խնդիրներից ԱԺ պատգամավորը առաջնահերթ համարեց ջավախահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումը, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաեւ հայկական եկեղեցիների վերադարձման խնդրի լուծումը: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ շատ կարեւոր եւ արդիական է Ջավախքը դիտարկել ոչ միայն հայ-վրացական հարաբերություններում, այլեւ վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական հարաբերություններում: Ըստ նրա, այս մոտեցումը մոռացության է մատնվել այն դեպքում, երբ Ջավախքի խնդիրը անընդհատ շահարկվում է ադրբեջանական ու թուրքական եւ' քաղաքական շրջանակներում, եւ' մամուլում: Ա.Մելքոնյանի կարծիքով, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ջավախքի խնդիրը ընկալվում է որպես մի սեպ, որը կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: «Այս խնդիրը չափազանց կարեւոր է, եւ այստեղ պետք է ցուցաբերել չափազանց մեծ զգուշավորություն, քանի որ Ջավախքի խնդիրը նման պարագայում թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից օգտագործվելու դեպքում, կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա»,- ասաց Ա.Մելքոնյանը: Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի կողմից կազմակերպված սեմինար-քննարկմանը մասնակցում էին տարբեր գերատեսչությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական