Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ջավախքի խնդիրը ընկալվում է
որպէս մի սեպ, որը կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ,-
գտնում է Աշոտ Մելքոնեանը
18-02-2010 15:12:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին
Վրաստանի իշխանութիւնները խտրական քաղաքականութիւն են
իրականացնում վիրահայութեան նկատմամբ: Այս մասին
Սամցխե-Ջաւախեթի-Ծալկա տարածաշրջանի հայապահպանութեան եւ
ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը նուիրուած փետրուարի
18-ի սեմինար-քննարկմանը յայտարարեց Հայաստանի ԱԺ պատգամաւոր Շիրակ
Թորոսեանը: Ըստ նրա, այսօր վրացական իշխանութիւնները որդեգրել են
ջաւախահայութեան քաղաքական, լեզուական, հոգեւոր-մշակոյթային,
սոցիալ-տնտեսական իրաւունքները ոտնահարող քաղաքականութիւն: Այդ
քաղականությանն արդիւնքում ջաւախահայութեան մէջ գնալով տարածւում
են վախի եւ հիասթափութեան տրամադրություններ, ինչն իր հերթին
հանգեցնում է տարածաշրջանից արտագաղթի ծաւալների մեծացմանը:
«Այս քննարկումը միտուած է Վրաստանում ապրող հայերի բոլոր
խնդիրները բարձրաձայնելուն` կոչ անելով Հայաստանի
իշխանութիւններին, սփիւռքեան կազմակերպություններին անյապաղ
միջոցներ ձեռնարկել հայութեան նկատմամբ վրացական իշխանութիւնների
խտրական քաղաքականութիւնը կասեցնելու ուղղութեամբ: Այս կոչն
ուղղուած է նաեւ միջազգային կազմակերպություններին, որպէսզի
վերջիններս ճնշում գործադրեն վրացական իշխանութիւնների վրայ
ազգային փոքրամասնությունների իրաւունքների վերաբերեալ ստանձնած
միջազգային պարտաւորութիւնների կատարման հարցում»,- ասաց
Շ.Թորոսեանը: Առկայ խնդիրներից ԱԺ պատգամաւորը առաջնահերթ համարեց
ջավախահայ ակտիւիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անյապաղ
դադարեցումը, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրաւական
կարգավիճակ տալու հարցը, ինչպէս նաեւ հայկական եկեղեցիների
վերադարձման խնդրի լուծումը:
ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը նշեց,
որ շատ կարեւոր եւ արդիական է Ջաւախքը դիտարկել ոչ միայն
հայ-վրացական յարաբերութիւններում, այլեւ վրաց-թուրքական,
վրաց-ադրբեջանական յարաբերութիւններում: Ըստ նրա, այս մօտեցումը
մոռացութեան է մատնուել այն դէպքում, երբ Ջավախքի խնդիրը անընդհատ
շահարկւում է ադրբեջանական ու թուրքական եւ' քաղաքական
շրջանակներում, եւ' մամուլում: Ա.Մելքոնեանի կարծիքով, Ադրբեջանի
եւ Թուրքիայի կողմից Ջավախքի խնդիրը ընկալվում է որպէս մի սեպ, որը
կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: «Այս խնդիրը չափազանց
կարեւոր է, եւ այստեղ պէտք է ցուցաբերել չափազանց մեծ
զգուշավորություն, քանի որ Ջավախքի խնդիրը նման պարագայում
թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից օգտագործվելու դէպքում, կարող է
լուրջ բացասական ազդեցութիւն ունենալ հայ-վրացական
յարաբերութիւնների վրայ»,- ասաց Ա.Մելքոնեանը:
Ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող
խորհրդի կողմից կազմակերպուած սեմինար-քննարկմանը մասնակցում էին
տարբեր գերատեսչութիւնների, քաղաքական կուսակցութիւնների
ներկայացուցիչներ, փորձագետներ: