Փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է ՌԴ փաստաբանության ինստիտուտի ձեւավորման 150-ամյակի միջոցառումներին


Փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է ՌԴ փաստաբանության ինստիտուտի ձեւավորման 150-ամյակի միջոցառումներին

  • 04-10-2016 17:17:18   | Ռուսաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Մոսկվայում մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փաստաբանության ինստիտուտի ձևավորման 150 ամյակին նվիրված միջոցառումներին: 
 
Հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին 9 երկրի՝ Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Հայաստան փաստաբանական համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են քրեական գործերով դատավարություններին մասնակցող փաստաբանների գործունեության ստանդարտացման հնարավորությունը: 
Կլոր սեղան-քննարկմանը  Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն կարևորել է արտերկրյա գործընկերների փորձը՝ նշելով, որ հատկապես հետխորհրդային երկրների փաստաբանների համար առավել առաջնահերթ  է խորացնել ոլորտային համագործակցությունը, քանի որ միևնույն անցյալով պայմանավորված հաճախ են բախվում նույնաբնույթ խնդիրների: Այս իմաստով միասնական լուծումներ գտնելն առավել արդյունավետ և փոխշահավետ գործընթաց է համարել: 
Նա տեղեկացրել է ներկաներին, որ Ռուսաստանի փաստաբանական համայնքի համար արդիական խնդիր է քրեական դատավարությանը փաստաբանի մասնակցության կանոնակարգումը՝ նշելով, որ Դաշնությունում գործող փաստաբանների 70 տոկոսը քրեական գործերով են մասնագիտացած: Միաժամանակ վերջինս տեղեկացրել է, որ ռուսաստանյան որոշ փաստաբաններ առաջարկել են նշված կանոնակարգումն իրականացնել քրեական գործերով հանդես եկող փաստաբանի գործունեությունը ստանդարտացնելու միջոցով և մասնակիցների դատին է հանձնվել ստանդարտի նախագիծը: Ըստ առաջարկվող ստանդարտի, քրեական գործով փաստաբանը պարտավոր է իրականացնել որոշակի ծավալով գործողություններ։
Մասնագիտական քննարկումների արդյունքում հնչել են տարբեր տեսակետներ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ներկայացուցիչները բացասական դիրքորոշում են հայտնել փաստաբանական գործունեության ստանդարտացման վերաբերյալ՝ նշելով, որ յուրաքանչյուր քրեական գործ յուրօրինակ է և ստանդարտացման դեպքում կարող է սահմանափակվել պաշտպանյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված փաստաբանի ազատ գործելու հնարավորությունը. հետևաբար ստանդարտներով առաջնորդվելը ռիսկային և միևնույն ժամանակ բավական զգայուն հարց է, կարող է չնախատեսված հետևանքներ ունենալ: 
Ղազախստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը նույնպես բացասական կարծիք է ներկայացրել ստանդարտացման վերաբերյալ։
Քննարկումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը ներկայացրել է հանրային պաշտպանության ոլորտում ՀՀ փաստաբանների պալատի փորձը, հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթների առանձնահատկությունները և արդյունավետությունը: 
Մյուս երկրների փաստաբանականական համայնքների ներկայացուցիչները ըստ էության դժգոհել են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրենց երկրների մոդելներից՝ հետաքրքրությունը ցուցաբերելով  հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտին։
Հանդիպման ավարտին մասնակիցները եկել են նախնական համաձայնության ԱՊՀ և Բալթյան երկրների համատեղ երկրորդ հանդիպումն անցկացնել 2017-ի գարնանը՝ Վրաստանում: Երկրորդ միջազգային մասնագիտական հավաքի օրակարգում են լինելու փաստաբանի գործունեության, հաճախորդի պաշտպանության միջազգային մոտեցումների և ոլորտին առնչվող այլ թեմաներ; 
ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play