Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել «Կարդինալ Հյոֆներ» միության անդամները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել «Կարդինալ Հյոֆներ» միության անդամները

  • 04-10-2016 17:26:27   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Յոհաննես Զինգհամերի և «Կարդինալ Հյոֆներ» միության նախագահ Կառլ Շիվեռլինգի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էր նաև Կաթոլիկ Եկեղեցու Գերմանիայի թեմի` կառավարության հետ կապերի պատասխանատու Հայր Յուսթենը:
 
Հյուրերին Մայր Աթոռում ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը: 
Նաթան Սրբազանը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը տարբեր ոլորտներում և հյուրերի խնդրանքով ներկայացրեց Հայ Առաքելական Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: 
Նաթան Սրբազանն անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու այսօրվա ծառայությանը կրթական, սոցիալական ոլորտներում, մասնավորապես ներկայացրեց երիտասարդների հետ տարվող աշխատանքները: Պատասխանելով Բունդեսթագի փոխխոսնակի հարցին` Սրբազանը խոսեց նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
«Կարդինալ Հյոֆներ» միությունը, որի անդամները Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալիստական խմբավորումներից են, ստեղծվել է 20 տարի առաջ: Միության նախագահի խոսքով, իրենց նպատակն է` քրիստոնեական առաքելություն իրականացնել հասարակական և քաղաքական դաշտում, ինչպես նաև սերտ հարաբերություններ հաստատել քրիստոնեական տարբեր Եկեղեցիների հետ, ինչին միտված էր Մայր Աթոռում կայացած հանդիպումը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play