Ադրբեջանում «Երկաթե գմբեթի» գնման լուրերն «Իսկանդերի» ցուցադրությունից հոգեբանական շոկի արդյունք են. Սերգեյ Մինասյան


Ադրբեջանում «Երկաթե գմբեթի» գնման լուրերն «Իսկանդերի» ցուցադրությունից հոգեբանական շոկի արդյունք են. Սերգեյ Մինասյան

  • 05-10-2016 10:21:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի ձեռքբերման հնարավորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական բնույթի մեծ կասկածներ են առաջացնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իբր Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել:
 
«Առաջին հերթին իրենք դա չեն գնել: Ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը պատրաստվում է նման համակարգ ձեռք բերել կամ նրան կմատակարարեն նման համակարգ: Այդ համակարգը ոչ միայն իսրայելցի, այնպես էլ ամերիկացի մասնագետների և արտադրողների մշակածն է»,- նշեց Մինասյանը: Քաղաքագետը նշում է, որ դժվար է պատկերացնել, որ աշխարհում նմանատիպ համակարգերից ամենաառաջատարն ունեցող երկիրը՝ Իսրայելը, այն կմատակարարի մի երկրի, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ: Նման քայլը, ըստ մասնագետի, կարող է վտանգի ենթարկել այդ զինատեսակների տեխնիկական հագեցվածությունը: «Վստահ չեմ, որ առհասարակ թույլտվություն կա վաճառելու այդ համակարգի որոշ բաղադրիչներ հենց հիմնական մատակարարների՝ ամերիկյան ընկերությունների կողմից»,- նշեց Մինասյանը:
 
Երկրորդ հերթին, ըստ քաղաքագետի, ֆինանսական բաղկացուցիչն այնպիսին է, որ Ադրբեջանը ստիպված կլինի գրպանները դատարկել: «Մի երկրի համար, որը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի, դա բավականին լուրջ ծախս կլինի: Իսկ եթե Ադրբեջանն ամեն դեպքում գնա նման քայլի, ապա «արժեք-արդյունավետություն» հարաբերակցության տեսանկյունից կարող ենք ասել, որ Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների գնումը դրա համարժեքն է, քանի որ այն ծախսերը, որոնք Ադրբեջանը ստիպված կլինի անել «Իսկանդեր»-ին հակազդելու համար, շատ կգերազանցեն ոչ թե ռազմաքաղաքական, այլ ֆինանսական առումով»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը:
 
Երրորդ հանգամանքն էլ, ըստ Մինասյանի, այն է, որ ռազմաքաղաքական տեսանկյունից փաստ չէ, որ «Երկաթե գմբեթ» համակարգը կարող է գործել ոչ միայն «Իսկանդեր»- ների, այլև օպերատիվ-մարտավարական բնույթի այլ հրթիռների դեմ, ինչպես օրինակ «Տոչկան» կամ նույնիսկ հայկական «Սկադ»-ները: «Այդ համակարգը նախ և առաջ նախատեսված և մշակված է փոքր ու միջին տրամաչափի հրթիռային համակարգերի դեմ, ինչպես «Գրադ»-ը, «Սմերչ»-ը և այլ նման համակարգեր: «Իսկանդեր» համակարգն ունի հրթիռի թռիչքի կվազիբալիստիկ հետագիծ և այլ որակներ, որոնց դեմ, ինչպես նշում են նաև ամերիկացի և իսրայելցի մասնագետները, հակաօդային պաշտպանության որևէ արդյունավետ հակազդեցության միջոցներ չկան»,- ընդգծեց փորձագետը:
 
Անդրադառնալով նշված լուրերի տարածման տեղեկատվական ասպեկտներին՝ Մինասյանը շեշտեց, որ այս տեղեկատվությունը մամուլում հայտնվեց հենց նույն պատճառով, որով Ադրբեջանը հայտարարում է, որ կգնի պրակտիկայում գոյություն չունեցող ուկրաինական օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր և այլն: «Դա «Իսկանդերի» հրապարակային ցուցադրությունից առաջացած հոգեբանական շոկի արդյունք է»,- կարծում է փորձագետը:
 
Նրա խոսքով՝ հայկական մամուլի արձագանքը «Իսկանդեր»-ների ցուցադրությանը և այս նշված տեղեկատվությանը, հիմնականում պայմանավորված է նրանով, որ հայկական լրատվական դաշտում արտացոլվում է Ռուսաստանի և Արևմուտքի հակադրությունը: «Հայկական մամուլում շատ հաճախ հաճույքով վերատպում են ադրբեջանական տեղեկատվությունը: Իսկ այն հայտարարությունները, թե «Իսկանդեր»-ները մերը չեն», «Իսկանդեր»-ները ռուսական բազայինն են» և այլն, դրսևորվում են պրոպագանդիստական պայքարի համատեքստում»,-շեշտեց Սերգեյ Մինասյանը:
 
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են ՀՀ ԶՈւ նոր զինատեսակները: ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը