Իշխանությունն իր դիրքերը որևէ կերպ չի զիջում, չի զիջի և չի կիսի այլ որակ ունեցող ուժերի հետ.Աղասի Թադևոսյան


Իշխանությունն իր դիրքերը որևէ կերպ չի զիջում, չի զիջի և չի կիսի այլ որակ ունեցող ուժերի հետ.Աղասի Թադևոսյան

  • 10-10-2016 18:35:10   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

 

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցողգործընթացները։ Մասնավորապես կառավարության փոփոխությունը։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ այս կառավարությունը տարբերվելու է նախորդ բոլոր կառավարություններից։ Տեսնո՞ւմ եք նման հնարավորություն։

 

Կառավարության փոփոխությունը արձագանքն է կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Ակնհայտ է, որ հասարակությունում դժգոհության աճի միտում կա։ Դրա առարկայական դրսևորումը եղավ Սասնա ծռերի զինված բողոքի ակցիան։ Դժգոհության աճ նկատվեց հատկապես ապրիլյան պատերազմից հետո։ Այդ պատերազմը ցույց տվեց, որ պետական համակարգում առկա կոռուպցիայի հսկայական ծավալները խիստ խոցելի են դարձրել երկրի անվտանգության համակարգը։ Այսինքն՝ պատերազմը ցույց տվեց, որ համակարգն ունի ներքին լուրջ պրոբլեմներ, և դրանց անտեսումը կարող է հասարակությունում լուրջ դժգոհությունների ալիք բարձրացնել։
 
 
 
Կուտակված դժգոհությունը պետք էր ինչ-որ ձև, գոնե ժամանակավորապես, լիցքաթափել «վերևից»։ Մյուս կողմից էլ, կան ներքին խնդիրներ իշխանական էլիտայում։ Որոշ ազդեցիկ օլիգարխիկ դեմքեր չափից շատ էին աճել, և նրանց թուլացնելու, դիրքերից զրկելու ու առաջին կարգի խաղացողից երկրորդ կարգի դարձնելու խնդիր կար։ Ինչ–որ առումով նաև ՀՀԿ–ի` որպես անիմաստ կերպով չափից դուրս փչված փուչիկի պայթելու պրոբլեմն էր առաջացել, և անհրաժեշտ էր նաև այդ հարցը լուծել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀԿ–ն որակապես չի աճում և որ ՀՀԿ–ն միայնակ չի կարողանալու փակել այն նոր որակի դաշտերը, որոնք առաջացել են հասարակությունում։ ՀՀԿ–ի դիապազոնը դրան չի բավարարում, այն արդեն վեր է ածվում արխայիկ մի ուժի, իսկ հասարակությունը գնալով աճում է ու բազմազանանում։ Նման հասարակությանը կառավարելի պահելու համար անհրաժեշտ է իշխանության կառավարող վերանախավում լուրջ փոփոխություններ անել։
 
 
 
«Սասնա ծռերի» զինված բողոքի ակցիան ցույց տվեց, որ նրանց համակիրների շարքերում շատ ինտելեկտուալ երիտասարդություն կա, ովքեր իրենց մշակութային կապիտալով շատ ավելի լայն դիապազոն ունեն, քան գործող իշխանության հենարանը հանդիսացող քաղաքական ուժը ու օլիգարխիկ վերնախավը միասին վերցրած։ Իսկ նման հասարակությանը բիրտ ուժով կառավարելը ժամանակի ընթացքում համարյա անհնար է դառնալու։ Այդ պատճառով անհրաժեշտ է կիրառել «փափուկ ուժի» տեխնոլոգիաներ։ Այսինքն՝ սպասելի էր, որ պետք է ինչ-որ քայլեր լինեին։ Տարօրինակ կլիներ, որ նման քայլեր չլինեին։
 
 
 
Բնականաբար դրանք սկսվեցին կառավարության արմատական փոփոխությամբ։ Թե որքանով էր դա նաև պայմանավորված արտաքին ազդեցություններով, այլ խոսակցության նյութ է։ Օրինակ՝ բավական լայն քննարկվեց այն հարցը, որ նոր վարչապետը Ռուսաստանից գործուղղված մարդ է։ Կարելի է ենթադրել նաև, որ Ռուսաստանին նույնպես որոշակիորեն մտահոգում է Հայաստանում հասարակության մեջ իշխանություններից գոյություն ունեցող դժգոհությունը։ Դա չի համապատասխանում նաև Կրեմլի շահերին՝ Հայաստանում իր ազդեցությունն ամրապնդելու տեսանկյունից։ Այսինքն՝ այդ փոփոխությունն ուներ արտաքին ու ներքին պատճառներ, և դա տեղի ունեցավ։
 
 
 
Պետք է արդյոք ակնկալել, որ այդ փոփոխությունները կունենան դրական հետևանքներ։ Իշխանությունը ստիպված է շոշափելի քայլեր իրականացելու բանակի և անվտանգության ոլորտներում։ Առնվազն երեք խնդիր կա լուծելու։ Նախ՝ պետք է զգալիորեն բարելավել բանակի տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մակարդակը։ Երկրորդ՝ պետք է կարգավորել բանակում առկա կոռուպցիայի հիմնախնդիրը։ Երրորդ՝ պետք է փոխել բանակի դեմքը։ Այն կոռումպացված գեներալական կոնտինգենտը, որը մարդկանց ներկայանում է 17-18–րդ դարերի գյուղական քյոխվաների մենթալիտետով ու հաբիթուսով, այլևս չի կարող լինել մեր բանակի դեմքը։ Բանակը պետք է ներկայանա կիրթ, ուժեղ ու ինքնավստահ։
 
 
 
Պետք է փորձեն նաև երկրի տնտեսության մեջ ինչ-որ ձևով դրական միտումներ ձևավորել։ Չնայած ես այնքան էլ լիահույս չեմ տնտեսության հետ կապված։ Այստեղ արմատական փոփոխություններ չեն լինի, քանի որ օլիգարխիկ համակարգը մնում է և շարունակելու է մնալ։ Այսինքն՝ այնպես չէ, որ լիովին օրինական, մրցակցային պայմաններ կարող են ձևավորվել Հայաստանում բիզնեսի զարգացման համար, և մենք շուտով Հայաստանում տեսնելու ենք բարեկիրթ ու օրինապահ բիզնեսմենների։
 

- Այսինքն՝ մենաշնորհների ու օլիգարխիայի դեմ երբեք չի՞ լինի պայքար։

 

- Իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ օլիգարխիան պահպանի իր մենաշնորհային դիրքը։ Այս փոփոխությունները նույնպես դրա համար են, այլ ոչ թե այդ օլիգարխիայի դեմ պայքարելու։ Այս իշխանությունն իր բնույթը չի փոխելու։ Ես արդեն ասացի, որ կառավարության փոփոխությունը ստեղծված ծայրահեղ իրավիճակը լիցքաթափելու և սեփական իշխանությունը մի փոքր այլ դեմքով վերարտադրելուն է ուղղված։ Լայն առումով, Հայաստանն ինչպես որ կա, այնպես էլ կշարունակի մնալ։ Մարդկանց կյանքը ոչ մի ձևով չի լավանա, ոչ էլ մարդիկ կսկսեն ավելի բարեկեցիկ ու օրինական երկրում ապրել։ Դրա համար առնվազն անհրաժեշտ է Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ քաղաքական կուրսի փոփոխություն լինի, իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է տեղի ունենում։ Ռուսաստանը հետամնաց տնտեսութամբ ու ավտորիտար կառավարման համակարգով երկիր է, և չի կարելի Ռուսաստանի հետ նույն տնտեսական դաշտում մնալով ակնկալել կոռումպացված և օլիգարխիկ տնտեսության հաղթահարում։
 
- Այդ դեպքում Ձեր նշած հուլիսյան դեպքերը, ապրիլյան պատերազմը կարո՞ղ են հասարակության մոտ տրամադրությունների փոփոխության հիմք հանդիսանալ, և իշխանությանը երկարաձգման հնարավորության այլևս չտրվի, ավելի կոնկրետ՝ ընտրություններում ՀՀԿ-ն չհաղթի։
 
- Ես չեմ կարծում, որ ընտրություններում այսօր իշխող ուժերը պարտվելու են։ Հարցն այն չէ, թե նրանք ում միջոցով են իրենց ներկայացնում իշխանության մարմիններում՝ ՀՀԿ-ի, ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի կամ մեկ այլ կուսակցության, որին իշխանությունը ստեղծել է կամ կարող է վաղը ստեղծել որպես քաղաքական ժամանակավոր գործիք։ Հնարավոր է, որ մի կուսակցությանը պատկանող պառլամենտական տեղերի մի մասը մասնակիորեն զիջեն մյուսին։ Բայց խնդիրն այն է, որ այդ բոլոր կուսակցությունները վերահսկվում են մի կենտրոնից, և ըստ էության, իշխանությունն իր դիրքերը որևէ կերպ չի զիջում, չի զիջի և չի կիսի այլ որակ ունեցող ուժերի հետ։ Ամբողջ Հայաստանը տեսավ, թե ԲՀԿ-ի ղեկավարին մեկ օրում ինչպես ոչնչացրեցին և վերածեցին քաղաքական դիակի։ Եվ թե ինչ կարգի քաղաքական ոչնչությունների այդ օրը Anchorթույլ էր տրված տրորել Գագիկ Ծառուկյանի խրտվիլակը։ Նույնը ցանկացած քաղաքական կուսակցության և նրա առաջնորդի հետ կարող է պատահել։ Ուզում եմ ասել՝ անուններն էական չեն, էականը իշխանության կենտրոնն է, որը մի հատ է, ոչ թե մի քանի կենտրոններ են, որոնք պայքարում են տարբեր հայացքներ, մոտեցումներ ունեցող ուժերի մեջ իշխանությունը կիսելու, բաժանելու, ապակենտրոնացնելու համար, որը կբերեր երկրի ավելի դեմոկրատացմանը, նաև հնարավոր է, իրական դրական միտումների ձևավորմանը։
 

- Իսկ մեր իրականության մեջ Ձեր նշած այլ որակ ունեցող, իրական այլընտրանք առաջարկող ուժերը կա՞ն, թե հենց նրանց բացակայությունն է իշխանության երկարակեցության պատճառը։

 

- Խնդիրն այն է, որ մեր երկրում ամեն ինչ արդեն այնքան է կենտրոնացել մեկ ձեռքում, որ սկզբունքորեն շատ բարդ է այլընտրանք ձևավորելը, որը կկարողանա քաղաքական հայտ ներկայացնել։ Այսինքն՝ արդեն իսկ երկրում այնպիսի իրավիճակ է, որ դրան հասնելը շատ բարդ է ներքին ռեսուրսների վրա հենվելով։ Նման փոփոխության հասնելու համար ներքին ռեսուրսները բավարար չեն, դրա համար դա տեղի չի կարող ունենալ։ Նկատի ունեմ թե մարդկային ու ֆինանսական ռեսուրսները և թե տնտեսական իրավիճակը։
 
- Ինչո՞վ եք բացատրում այն, որ իշխանությունն սկսել է ազատվել նաև իրենց հենասյուն հանդիսացող մարդկանցից, ինչպիսին օրինակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է։
 

- Իշխանությունը ժամանակ առ ժամանակ փորձում է թարմություն մտցնել իր ներսում։ Այդ թարմությունը մտցնելու ձևերից մեկն էլ այն է, որ չափից դուրս հեղինակազրկված մանեկեններին փորձում են ցուցափեղկից (վիտրինայից) հեռացնել, որպեսզի դրանով մի քիչ լիցքաթափեն լարվածությունը երկրի ներսում։ Այսօրվա լարվածության պատճառներից մեկն էլ նման դեմքերն են, որոնք իշխանությունը ներկայացնում են որպես լկտի, ամբարտավան ու անօրեն։ Սյունիքի նախկին մարզպետն այդպիսի նշան էր դարձել, որին առայժմ ժամանակավորապես ցուցափեղկից պետք էր հեռացնել։ Բայց իշխանությունը նմաններին չի դավաճանում, և նրան կշարունակեն օգտագործել։ Սուրիկ Խաչատրյանը կշարունակի աշխատել համակարգի համար, համակարգն էլ նրան կգնահատի ըստ արժանվույն։ Միգուցե այդ ամենը կարվի ստվերում։ Բայց դա էական չէ։ Դա է մեր իրականությունը։

 

- Իսկ Ձեր նշած լարվածությունն ինչի՞ կարող է հանգեցնել։

 

- Լարվածությունն ինչ-որ պահի իրեն զգացնել կտա։ Եթե այն բավականաչափ չլիցքաթափվեց, կարող են շարունակվել այնպիսի զարգացումները, ինչպիսին, օրինակ, «Սասնա ծռերի» դեպքն էր։ Այսինքն՝ կարող է վիճակը այն աստիճանի անկառավարելի դառնալ, որ ներքին ուժային ռեսուրսներով հնարավոր չլինի դա զսպել։ Իսկ դա, բնականաբար, ոչ մեկին ձեռնտու չէ, այդ թվում՝ ներկայիս իշխանությունների արտաքին գործընկեր Ռուսաստանի իշխող համակարգին։ Իրենք էլ են ուզում, որ Հայաստանի իշխանություններն իրավիճակը հնարավորինս կառավարելի պահեն, որովհետև ոչ ոքի հետաքրքիր չէ համագործակցել մեկի հետ, որը չի կարողանում իրավիճակը վերահսկել սեփական երկրում։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play