ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

  • 11-10-2016 19:13:51   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոհաննես Դաումային: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հետագա հեռանկարները: 
 
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-հոլանդական երկկողմ հարաբերությունները կշարունակեն առավել ակտիվորեն ընդլայնվել ու զարգանալ:
 
«Ես տեղյակ եմ, որ Նիդերլանդները մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ, և հուսով եմ, որ կկարողանանք գտնել հետագա համագործակցության համար նոր եզրեր», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Ընդգծելով, որ գյուղատնտեսության բնագավառում Նիդերլանդները  կուտակել է բավական մեծ փորձ` նախարար Առաքելյանը համառոտ ներկայացրել է մեր երկրի ագրարային ոլորտում առկա խնդիրները և հավելել, որ այսօր խիստ արդիական է աջակցությունն ու արտասահմանյան երկրների հաջող փորձի կիրառումը մասնավորապես հողերի ջրարբիացման, բնակլիմայական ռիսկերի նվազեցման, գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման միջոցով արտահանման նոր շուկաների ստեղծման, գյուղատնտեսության ոլորտի վարկավորման պայմանների բարելավման և այլ ուղղություններով:
 
Որպես ոլորտի մեկ այլ կարևոր խնդիր նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման անհրաժեշտությունը:
 
Իր հերթին դեսպան Յոհաննես Դաուման, անդրադառնալով Հայաստանում Նիդերլանդների աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությանը, հատկապես հաջողված է համարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը PUM հոլանդական փորձագիտական խմբի հետ, որը տրամադրում է գործարար խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն տարբեր երկրների գերատեսչություններին և կազմակերպություններին:  
 
Կողմերը պայմանավորվել են առավել հանգամանորեն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել համատեղ ծրագրերի արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ:
 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
 և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play