«Լրագրողների համահայկական համաժողովների շնորհիվ ամրապնդվում է աշխարհի հայկական ԶԼՄ-ների միջև կապը». Տիգրան Հարությունյան


«Լրագրողների համահայկական համաժողովների շնորհիվ ամրապնդվում է աշխարհի հայկական ԶԼՄ-ների միջև կապը». Տիգրան Հարությունյան

  • 12-10-2016 17:43:29   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հոկտեմբերի 20-24-ը կայանալիք «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին ընդառաջ՝ «Հայերն այսօր»-ը զրուցել է Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ:
 
— Պարո´ն Հարությունյան, Լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումը, առհասարակ, ի՞նչ նպատակ ունի:
— Հայ լրագրողների և հայկական լրատվամիջոցների ղեկավարների համախմբումը մեր կազմակերպության՝ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ նպատակի իրագործմանն է ուղղված, մասնավորապես, լրագրողների համահայկական համաժողովների կազմակերպումը՝ սկսած 2002 թվականից: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող այդ համաժողովներն ի թիվս այլ հարցերի, նպատակ ունեն նպաստելու աշխարհի հայկական լրատվամիջոցների միջև լրատվական համերաշխության և համատեղ աշխատանքի մթնոլորտի ձևավորմանը, և արդյունքում՝ հայկական մամուլի ուժերի կոորդինացման, փոխհամաձայնեցված աշխատանքի միջոցով հասնել համահայկական, ազգային նշանակության խնդիրների լուծմանը: Իսկ այդ խնդիրները բոլորիս համար ակնհայտ են. աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Ղարաբաղյան հարցի արդարացի լուծումը և աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տնտեսական, մշակութային և այլ կապերի ստեղծումն ու ամրապնդումը, Հայաստանի տնտեսական հզորացումը և միջազգային ներգրավվածության մեծացումը, Հայաստանում ժողովրդավարության կայացումը և Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը։
Վստահ եմ, որ աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցների միասնական աշխատանքը միայն կարող է նպաստել ազատ, ժողովրդավարական Հայաստանի՝ համայն հայության գաղափարախոսական և մշակութային կենտրոն դառնալուն, հայկական մշակութային արժեքների պահպանմանը և տարածմանը, ընդհանուր համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը, լրատվության փոխանակման հնարավորությանը։
— Լրագրողների համահայկական համաժողովները մինչ այժմ շոշափելի ի՞նչ արդյունքների են հասել, ձեռքբերումները որո՞նք են:
— Լրատվամիջոցների առաջին համահայկական համաժողովը տեղի է ունեցել 2002 թվականին՝ Եվրոպայում, և կրում էր «Եվրոպահայ մամուլի առաջին ֆորում» անվանումը։
Դրան հաջորդել են 2003 և 2006 թվականների «Լրատվամիջոցների համահայկական համաժողովները» Հայաստանում։ Հենց երկրորդ համաժողովի ընթացքում (2003 թ., Ծաղկաձոր) առաջացավ գաղափար, իսկ երրորդ համաժողովի ընթացքում (2006 թ., Ծաղկաձոր) իրականացվեց մեր կազմակերպության՝ «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» ստեղծումը։ Ստեղծվեց նաեւ «Հայերն այսօր» էլեկտրոնային տեղեկագիրը, որը հետագայում, ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծվելուց հետո, դարձավ նախարարության պաշտոնական պարբերականը։ Հետագա 10 տարիների ընթացում ընկերակցության և հաջորդ համաժողովների ընթացքում է´լ ավելի ամրապնդվեցին կապերը աշխարհի տարբեր երկրներում գործող լրատվամիջոցների միջև, և որպես հետևանք՝ ընդլայնվեց համագործակցությունը, լրատվության փոխանակումը և այլն։
Եթե առաջին համաժողովները իրականացել էին կազմակերպիչների (հիմնականում «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի) էնտուզիազմի, տարբեր հովանավորների ֆինանսական աջակցության շնորհիվ, ապա չորրորդ համաժողովից սկսած, Հայաստանի Հանրապետությունը, սկզբում Մշակույթի, և ապա Սփյուռքի նախարարության միջոցով, սկսեց օժանդակել լրատվամիջոցների համահայկական համաժողովների իրականացմանը։
Համաժողովները սկսեցին ունենալ նաև որոշակի թեմատիկ ուղղվածություններ։ Այսպես, հինգերորդ համաժողովի թեման էր՝ «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը», վեցերորդինը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», յոթերորդը նվիրված էր քարոզչության, հակաքարոզչության, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին։
— Ակնկալիքները որո՞նք են լրագրողների համահայկական 8-րդ համաժողովից: Ձեր կարծիքով ի՞նչ նոր հանգրվանի կհասնի Հայաստանի և Սփյուռքի լրատվադաշտի փոխգործակցությունը:
— Հոկտեմբերի 20-24-ին Երեւանում սկսվելու է և Ստեփանակերտում ավարտվելու է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը։ Կարծում եմ, Երևան-Ստեփանակերտ առանցքի ընտրությունը խորհրդանշական է, և որոշակի, շատ հասկանալի ուղերձ է պարունակում իր մեջ։ Միայն արտերկրից համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն հարյուրից ավելի լրատվամիջոցներ։ Համաժողովը ուղիղ հեռարձակվելու է համացանցով և լինելու է նաև ինտերակտիվ․ աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները կարողանալու են մասնակցել համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով, հարցեր տալ, առաջարկություններ անել, ելույթներ ունենալ և այլն։ Ի դեպ, այս առցանց հեռարձակման հնարավորությունը ևս արդյունք է նախկին համաժողովների ընթացքում ձեռք բերված գործարար կապերի և ստեղծված համատեղ ծրագրերի:
Նշեմ նաև, որ ինչպես նախորդ համաժողովների ընթացքում, այնպես էլ այս անգամ համաժողովի բոլոր նյութերը` ընդունված հայտարարությունները, ելույթները, տեսագրությունները, կամփոփվեն «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» www.mediaforum.am կայքում։
Կարծում եմ՝ այս համաժողովը կլինի հերթական հզոր քայլն աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական լրատվամիջոցների միջև կապը և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու գործում։ Հուսով եմ, որ համաժողովի ընթացքում կընդլայնվի նաև «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» անդամների թիվը (ինչպես որ եղել է նախորդ համաժողովների ընթացքում), կհաստատվեն կազմակերպության նոր ծրագրերը և գործունեության ուղղությունները։
Գևորգ Չիչյան
 
hayernaysor.am
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play