«Հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված եւ անաչառ մոտեցումները»,-ասել է Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահին


«Հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված եւ անաչառ մոտեցումները»,-ասել է Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահին

  • 13-10-2016 19:14:52   | Ֆրանսիա  |  Քաղաքական

Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները, համագործակցության եզրերը, ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը:
 
Ավանդույթի համաձայն, ըստ որի Վեհաժողովի նախագահներն այցելում են անդամ երկրներ` ԵԽԽՎ գործող նախագահը եւս ցանկություն է հայտնել այցելելու Հայաստանի Հանրապետություն:
 
Պեդրո Ագրամունտը նաեւ տեղեկացրել է, որ պատրաստվում է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ եւ քննարկել ԵԽԽՎ աշխատանքն առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները:
 
Հերմինե Նաղդալյանը զրույցի ընթացքում նշել է, որ վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները եւ նոր նախաձեռնությունները շատ կարեւոր են եւ իրենց ազդեցությունն են թողնում Վեհաժողովի գործընթացների վրա եւ այդ իմաստով էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները: Տիկին Նաղդալյանը հավելել է, որ ամեն դեպքում հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված եւ անաչառ մոտեցումները, ինչը կնպաստի առաջին հերթին Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը եւ մթնոլորտի բարելավմանը: Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում: 
Նոյյան տապան  -   Քաղաքական