ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում


ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

  • 13-10-2016 19:27:13   | Ֆրանսիա  |  Քաղաքական

«Հարգելի գործընկերներ, ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են: Ուստի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումն իրապես կարեւոր խնդիր է: Այո, համաձայն եմ զեկուցողի հետ, որ մեր Վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ եւ աջակցելու Միջազգային քրեական դատարանին:
 
Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին եւ անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլ նաեւ քաղաքացիական անձինք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա: Բանական մարդու գիտակցության մեջ որեւէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների եւ ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն: Տեղի ունեցածն աներկբա ռազմական հանցագործություն է, որն ընդդատյա է Միջազգային քրեական դատարանի:
 
Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ թե՛ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար: ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրը: Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների: Իհարկե, Ադրբեջանը դեռեւս չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն նույն ստատուտը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, իսկ Միջազգային քրեական դատարանի դատախազն իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցելու քրեական գործ:
 
Հարգելի գործընկերներ, Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ եւ ձեզանից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին: Ուրեմն՝ մի լռեք: Մի լռեք նաեւ դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության եւ ռազմական հանցագործությունների դեմ»: 
Նոյյան տապան  -   Քաղաքական