Ամբողջ աշխարհում հայկական ներուժի բացահայտման խնդիրները կարող են լուծվել, եթե գործի համահայկական տեղեկատվական ցանց. Տիգրան Հարությունյան (տեսանյութ)


Ամբողջ աշխարհում հայկական ներուժի բացահայտման խնդիրները կարող են լուծվել, եթե գործի համահայկական տեղեկատվական ցանց. Տիգրան Հարությունյան (տեսանյութ)

  • 20-10-2016 15:00:20   | Հայաստան  |  Հասարակություն



«Հայաստանի և Սփյուռքի միջև տնտեսական համագործակցության, քաղաքական-համազգային կոնսոլիդացիայի, միասնական հենքի վրա մշակույթի, լեզվի, հայկական ինքնության պահպանման, ամբողջ աշխարհում հայկական ներուժի ռեալ բացահայտման խնդիրները կարող են լուծվել միայն և միայն այն պարագայում, երբ ստեղծվի և գործի համահայկական տեղեկատվական միասնական ցանց»,- համոզված է «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը: 
 
Վերջինս, Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում անդրադառնալով Համահայկական տեղեկատվական ցանցի ձևավորման փուլերին և զարգացման առանձնահատկություններին արդի պայմաններում, ընդգծեց, որ համաժողովի շրջանակներում կարևոր է համարում այն ուղիների նախանշումը, որը հնարավորություն կտա տեղեկատվական դաշտի առանձին գործող միավորները միմյանց հետ կապել վերոնշյալ ցանցի ձևով: 
Ըստ նրա`  Համահայկական տեղեկատվական ցանցի ձևավորումը թույլ կտա ավելի կազմակերպված ձևով լուծել տեղեկատվության փոխանակման խնդիրները, որն ինքնանպատակ չէ: 
«2002 թվականին առաջին անգամ մի խումբ լրատվամիջոցների նախաձեռնությամբ կայացավ առաջին համահայկական լրատվական ժողովը Եվրոպայում, որը կոչվում էր եվրոպահայերի համաժողով: 2003-2006 թվականներին կայացան 2-րդ և 3-րդ համաժողովները, որոնցից վերջինի ժամանակ տեղեկատավական միասնականության խնդիրներն այնքան մեծ էին, որ որոշում կայացվեց ստեղծել լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, որը պատիվ ունեմ ղեկավարել առ այսօր»,- ասաց նա:
Տ. Հարությունյանը հիշեցրեց, թե նախկինում ի՞նչ բարդություններ կային տեղեկատվական նման միասնական համակարգ ստեղծելիս:  
Նրա խոսքերով` բարդությունների մի մասը տեխնիկական բնույթի էին,  իսկ մյուսները` դուրս էին լրատվական դաշտից, մասնավորապես, քաղաքական բարդություններ էին. «Տեխնիկական հիմնական բարդությունները պայմանավորված էին ոչ նորմալ հեռախոսային կապի բացակայությամբ, համակարգչային դարը նոր էր սկսվում համահայկական ողջ համայնքում, այն ժամանակ գրեթե չէին օգտագործվում էլեկտրոնային փոստերը, ասեմ, որ հայկական համայնքներում որտեղ համակարգիչներ կային, ըստ երևույթին ամեն համայնքում մի խելոք մարդ որոշել էր, որ համակարգիչը պետք է հայկական տառատեսակով աշխատի, արդյունքում ստեղծվեցին իրարից տարբեր բազմաթիվ հայկական տառատեսակներ, որոնք թույլ չէին տալիս, որպեսզի Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ավելի ակտիվ լիներ»,- նկատեց Տ. Հարությունյանը: 
Վերջինիս փոխանցմամբ` տեխնոլոգիական զարգացումների շնորհիվ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարելի է հստակ և բավականին որակյալ կերպով համագործակցել սփյուռքահայ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս պարագայում նրա կարծիքով`  արդեն առաջանում են բովանդակային համագործակցության վերաբերյալ հարցեր: Ի դեպ` Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը նախատեսում է համաժողովի շրջանակներում հետո ակտիվացնել իր աշխատանքները` ձեռնամուխ լինելով տեղեկատվական ցանցի կառուցման նախնական հանգույցներ ստեղծելու գործին: 
Տ. Հարությունյանը մեկ անգամ ևս փաստեց, որ տեղեկատվության փոխանակման խնդիրները լուծելուց հետո հնարավոր կլինի հասնել համազգային քաղաքական կոնսոլիդացիայի, համազգային գաղափարախոսության սերմանմանը և տարածմանը, տնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացմանը և մշակույթային խնդիրների լուծմանը: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play