«Welcome to Armenia»-ի ընթացքում քննարկվեց հայաստանյան զբոսաշրջությունը՝ առկա խնդիրներից մինչև հնարավորություններ. (տեսանյութ)


«Welcome to Armenia»-ի ընթացքում քննարկվեց հայաստանյան զբոսաշրջությունը՝ առկա խնդիրներից մինչև հնարավորություններ. (տեսանյութ)

  • 28-10-2016 21:11:20   | Հայաստան  |  Հասարակություն



Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժը գնահատելուն, հնարավորություններն ու բացթողումները բացահայտելուն և այս ուղղությամբ պատկան մարմինների անելիքները հստակեցնելուն էր նվիրված այսօր կայացած «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովը: 
 
«Հայաստանի բիզնես-գործընկերներ» կամ որ նույն է BPA ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցում էին ոլորտի հետ սերտորեն առնչվողները` զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներից մինչև  ՀՀ Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներ, ինչպես նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ: 
«Welcome to Armenia» համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մշակութային, սպորտային, էքստրեմալ, կրոնական տուրիզմին վերաբերող հարցերն ու առաջարկները, ինչպես նաև մինչ օրս լայն տարածում չունեցող տուր-փաթեթները: 
Հայաստանյան զբոսաշրջային ուղղություններին առաջինն անդրադրձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Վերջինս կարևորելով կրոնական տուրիզմի զարգացումը Հայաստանում` նշեց, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին այլ խնդիրների հետ մեկտեղ լրջորեն մտածում է նաև այս ուղղությամբ:
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նկատում է. երեք տարի առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հաստատել է Սուրբ Գեղարդի ուխտի օրը, սակայն տուրիստական ընկերությունների կողմից նախանձախնդրություն չի դրսևորվել այն միջազգայնացնելու: Նրա խոսքերով` կրոնական տուրիզմի զարգացման ոլորտում ունեցած ներուժը Հայաստանը բավարար կերպով առայժմ չի կարողանում օգտագործել: 
Զբոսաշրջության ոլորտն աշխուժացնելու ուղղությամբ ՀՀ Մշակույթի նախարարությունն Արմեն Ամիրյանի խոսքերով` սկսել է աշխատել IT ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ա. Ամիրյանը հորդորեց զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններին իրենց տուր-փաթեթներում ընդգրկել նաև Օպերային թատրոնում բեմադրվող հեղինակավոր օպերաները, որոնք մեծ հետաքրքրություն են վայելում արտերկրյա հյուրերի շրջանում: 
Մշակույթի նախարարի համոզմամբ` վաղուց ժամանակն է, որպեսզի  զբոսաշրջային տեսանկյունից մայրաքաղաքը բեռնաթափվի: Այս ուղղությամբ 2017 թվականին նախատեսվում է Գյումրիում անցկացնել դուդուկի և երգչախմբի միջազգային փառատոնները: 
Շրջանների համաչափ զարգացմանն էր ուղղված նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից արված դիտարկումները: Նա, մասնավորապես, առաջարկեց Ծաղկաձորում, որպես Հայաստանի հիմնական մարզաբազա, աշխուժացնել ժամանցային կյանքը` նկատի ունենալով այնտեղ հեղինակավոր հայ երգիչների կամ երաժիշտների համերգների կազմակերպումը: 
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքերով` Զբոսաշրջության մասին Հայաստանում գործող օրենսդրությամբ պետությունը բազմաթիվ պարտավորություններ ունի իրականացնելու, սակայն իրականության մեջ օրենքը չի գործում:  Այն ավելի կենսունակ դարձնելու նպատակով նա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրեց Ազգային ժողով` համապատասխան հարցերն ու առաջարկները հանգամանալից կերպով քննարկելու համար: 
Մ. Մելքումյանի դիտարկմամբ` այսօր Ծաղկաձորը դարձել նահանջող զբոսաշրջային ուղղություն, Ջերմուկն ունի մեծ ներուժ, որը պետք է օգտագործել, իսկ Դիլիջանը և Տաթևը հավակնում են դառնալ զարգացող հայտնի շրջաններ: 
Դահլիճից ևս հնչեցին մտահոգություններ ու առաջարկներ, որոնք համապատասխան մարմինների ներկայացուցիչները  խոստացան քննարկել համատեղ:   
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան», 
Տեսանյութը` «Նոյյան Տապան»-ի:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play