Առնո Բաբաջանյանի մահվան օրվանից անցել է 33 տարի. Ի հիշատակ անվանի կոմպոզիտորի` անցկացվեց ծաղկեդրման արարողություն (տեսանյութ)


Առնո Բաբաջանյանի մահվան օրվանից անցել է 33 տարի. Ի հիշատակ անվանի կոմպոզիտորի` անցկացվեց ծաղկեդրման արարողություն (տեսանյութ)

  • 11-11-2016 19:00:07   | Հայաստան  |  Հասարակություն



Կան արվեստագետներ, որոնց անգամ մահվան տարելիցը տոնական մթնոլորտ է ստեղծում հանրության շրջանում: Նրանցից մեկն էլ անվանի հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն է: Այսօր լրացավ վերջինիս մահվան 33-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ Կարապի լճի տարածքում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանի մոտ կատարվեց ծաղկեդրման արարողություն, հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները նրա անվան երաժշտական ուսումնարանի սաների շուրթերից: 
 
Միջոցառմանը ներկա ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծում է. «Մինչ օրս Առնո Բաբաջանյանի ստեղծած երաժշտության հնչյուններն ու գույները լուսավորում են հայ իրականությունը»:
1921 թվականին Երևանում ծնված արվեստագետն իր առաջին քայլերը կարատել է 9 տարեկանում: Նրա ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Առնո Բաբաջանյանի երաժշտական ոճի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են ունեցել Արամ Խաչատրյանը և Սերգեյ Ռախմանինովը, իսկ նրա անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» և դաշնամուրային տրիոյում: 
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը` նկարագրելով Առնո Բաբաջանյանին որպես մարդ, ապա նաև որպես քաղաքացի նշեց. «Նա փայլունընկեր էր. երևի երիտասարդներից ամենաերիտասարդը ես էի, որ թույլ էր տվել իր հետ ընկերություն անել: Եթե ինքը սիրում էր, ապա սիրում էր մինչև վերջ, եթե ընկերություն էր անում, ապա մինչև վերջ»:
«Առնո Բաբաջանյանի երգերն անմահ են և դրանք մինչ օրս հիշվում ու հնչում են  տարբեր բեմերից»,- իր խոսքում նշում է  ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը: Վերջինս առանձնակի հպարտությամբ շեշտում է, որ իրեն 17 տարեկանում բախտ է վիճակվել ծանոթանալ Առնո Բաբաջանյանի հետ և առաջինը կատարել նրա ստեղծագործությունները: 
Մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները հանրահռչակելու և նրա հիշատակը վառ պահելու նպատակով անցկացված միջոցառման կազմակերպիչը «Առնո Բաբաջանյան» հիշատակի հիմնադրամն է:
Գագիկ Մանասյանի տեղեկացմամբ`  ողջ օրվա ընթացքում ինչպես Կարապի լճի տարածքում, այնպես էլ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում հնչելու է կոմպոզիտորի երաժշտությունը: Հիշատակման միջոցառումներ կանցկացվեն նաև Երևանի մի շարք երաժշտական դպրոցներում, Չարենցավանում: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը՝  «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play