ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան

  • 11-11-2016 15:39:50   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, դասախոսներ և ուսանողներ: 
 
Ողջունելով ներկաներին՝  նախարարն իր խոսքում  կարևորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև գիտական մտքի օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական ծրագրերի մշակման գործում:  
 
«Մենք այսօր այն վիճակում ենք, որ ժամանակ չունենք  հետ նայելու, պիտի առաջ նայենք, շատ կարճ ժամանակում մշակենք  կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, և օր առ օր արդյունքներ ունենանք:  Սակայն առանց մասնագիտական ներուժի չենք կարող գյուղատնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց ակնկալել: Ամեն ինչ սկսվում է կրթությունից, և մենք պետք է այն հասցնենք  առավել բարձր մակարդակի, ժամանակի պահանջներին բավարարող արդյունքների, որպեսզի այս  համալսարանից դուրս գան մասնագետներ, որոնց արտադրողները ձեռքից ձեռք խլեն»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը: 
 
 Նախարարն անդրադարձել է նաև այս հարցում մասնավոր հատվածի ներգրավմանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել պետություն-կրթական հաստատություն-մասնավոր հատված եռանկյունու շրջանակում արդյունավետ գործակցության ծավալմանը: 
 
Իգնատի Առաքելյանը հավելել է, որ ինքը մշտապես բաց է քննարկելու ցանկացած առաջարկ, ինչպես նաև աջակցել ուսանողների արտադրական պրակտիկանների անցկացմանը: 
 
Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր ելույթում  նույնպես կարևորել է գյուղատնտեսության զարգացման համար նախատեսվող ծրագրերի իրականացման գործում համապատասխան որակավորման կադրերի առկայությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիների ընթացքում համալսարանում բարենպաստ նախադրյալներ են ստեղծվել բարձր մասնագիտական գիտելիքներով օժտված կադրերի պատրաստման և միջազգային կապերի բարելավման ու ընդլայնման համար:
 
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես խորհրդատվական համակարգերի բարելավմանը, գյուղատնտեսական տեխնիկայի  կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև գյուղատնտեսության մասին օրենքի մշակմանը: 
 
Նախարարը կարևորել է բարձրացված խնդիրները և հավաստիացրել, որ ՀԱԱՀ գիտնականների օգնությամբ դրանց համապատասխան ընթացք կտրվի:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play