Ապագա կառավարությունն իր կառուցվածքով և կազմով ամենախայտառակն է լինելու Հայաստանի պատմության մեջ. քաղաքագետ (տեսանյութ)


Ապագա կառավարությունն իր կառուցվածքով և կազմով ամենախայտառակն է լինելու Հայաստանի պատմության մեջ. քաղաքագետ (տեսանյութ)

  • 15-11-2016 19:40:40   | Հայաստան  |  Հասարակություն



Ապագա կառավարությունն իր կառուցվածքով և կազմով ամենախայտառակն է լինելու Հայաստանի պատմության մեջ, քանի որ զուրկ է լինելու քաղաքական բովանդակությունից: Նման կարծիք նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
 
Ըստ նրա` Հայաստանում ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: 
Քաղաքագետի համոզմամբ` այդ ընտրություններն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի հետագա զարգացման վրա:
«Անցած ՏԻՄ ընտրությունները ցույց են տվեցին, որ իշխող կուսակցությունն ամաչում է հանդես գալ «Հանրապետական» բրենդով և հավանաբար կընտրի դաշինք ստեղծելու ճանապարհը, որի առանցքային ուժն էլ կլինի հենց իշխող կուսակցությունը»,- ասաց նա:
Ե. Բոզոյանի խոսքերով` ընտրությունների շեմին հասարակությունը կանգնած է փաստի առջև, քանի որ չունի այլընտրանքային պայմաններ ընդիմությանը վստահելու համար:
Քաղաքագետը կարծում է, որ մինչ այսօր պարզ չէ, թե Հայաստանում, որ քաղաքական ուժերը կարող են ընդիմության դերակատարումը ստանձնել, ինչն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ:
Ե. Բոզոյանը փաստում է, որ ընդիմադիր քաղաքական գործիչների վարկանիշը խիստ անկում է ապրում: Նրա կարծիքով հասարակությունն այլևս չի վստահում ընդիմադիր ուժերին, քանի որ նրանք տարբեր հարթակներից հանդես են գալիս հակաիշխանական հայտարարություններով, սակայն «կուլիսների ետևում» պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանավորների հետ:
Քաղաքագետն այս ամենը կապում է ընտրական օրենսգրքի բովանդակության հետ, որտեղ փաստացի ավելի մեծ տեղ է տրվում թաղային հեղինակություններին: «Մարդիկ ունեն ռեսուրսներ, փող և այդ ամենն օգտագործելով գնելու են ձայներ, ինչպես ավանդաբար անում են ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,- փաստում է Ե. Բոզոյանը:
Անդրադառնալով Արցախյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին բանախոսը կարծում է, որ կոնֆլիկտը գտնվում է այն նույն փուլում, ինչ մեկ տարի առաջ էր և տեսանելի առաջխաղացումներ ներկա պահին չկան:
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը խիստ մտահոգված էր, որ պայքարը չթեժանա և մի քանի հանդիպումների արդյունքում կարողացավ կոնֆլիկտն ինչ-որ չափով բնականոն հունի մեջ գցել, սակայն ներկա պահին զարգացումները սառեցված են», - նշում է քաղաքագետը՝ կանխատեսումներ չանելով մինչև ընտրությունները:
 
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play