Ներկայիս սոցիալական վիճակում ժողովրդից 1000 դրամ պահանջելն անբարոյականություն է. Սոս Գիմիշյան (տեսանյութ)


Ներկայիս սոցիալական վիճակում ժողովրդից 1000 դրամ պահանջելն անբարոյականություն է. Սոս Գիմիշյան (տեսանյութ)

  • 16-11-2016 20:14:36   | Հայաստան  |  Հասարակություն



Ներկայիս սոցիալական վիճակում ժողովրդից 1000 դրամ պահանջելը մեղմ ասած անբարոյական մոտեցում է: Ահա այսպես է մեկնաբանում իր դիրքորոշումը «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքին:
 
Ըստ նրա՝ կառավարությունը շատ լավ գիտի, որ վստահություն չունի հասարակության շրջանում, այդ իսկ պատճառով էլ սահմանում է վճարման պարտադիր համակարգը:
Ս. Գիմիշյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե օրենքը շրջանառության մեջ մտցվեր կամավորական սկզբունքով և քաղաքացիներն ընտրության հնարավորություն ունենային:
«Եթե ես կամավոր վճարեմ ինչ-որ հիմնադրամի, դա իմ գործն է, իսկ երբ օրենքով սահմանվում է յուրաքանչյուրից պարտադիր գանձում և փոխանցում արտաբյուջետային հիմնադրամին, դա դառնում է ժողովրդի վերահսկողությունից դուրս հիմնադրամ, որին ուղղված գումարներն անհայտ է, թե ովքեր են կառավարելու», - ասաց Ս. Գիմիշյանը:
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ այս քայլով պետությունը ցանկանում է ստեղծել արտաբյուջետային հիմնադրամ, քանի որ որոշ պետական օղակներում կառավարության կողմից սահմանափակվել են կաշառակերության հատվածները:
Նրա համոզմամբ` վերոնշյալ նախագիծը դատապարտվելու է հասարակության կողմից, իսկ ՀՀԿ-ի որոշ անդամների արձագանքները վկայում են այն մասին, որ ժողովուրդ-երկիր-բանակ արժեքները երկրորդ պլանում են. «Տղերքի «կայֆերը» պակասում են, հիմա «կայֆ» ստանալու նոր ճանապարհ են գտել հիմնադրամի միջոցով»:
Ս. Գիմիշյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ժողովրդի գրպանի հաշվին պետք է արտաբյուջետային հիմնադրամ ստեղծվի այն դեպքում, երբ պետությունում առկա են մի շարք պատկան մարմիններ, որոնց առաջնային գործունեությունը կայանում է պետական խնդիրների լուծման մեջ:
Բանախոսը նման պայմաններում առաջարկում է մի կողմ դնել բոլոր պետական կառույցներին, լուծարել պետությունը և բազմազան հիմնադրամների միջոցով կառավարել երկիրը: 
«Մենք պետություն ենք ստեղծել նրա համար, որպեսզի ժողովրդի կողմից պետական բյուջեին վճարված հարկերով այդ պետությունը պահենք, մասնավորապես, նաև բանակի հարցերը լուծենք. Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ են իշխանություններն իրենց անձնականը համարում բյուջեն և արտաբյուջետային համակարգով «գրպանահատություն» կազմակերպում ժողովրդից գումար կորզելու նպատակով: Չէ որ, նույն ժողովրդի վճարած հարկերից է գոյացել պետական բյուջե կոչվածը», - իր մտահոգությունն է հայտնում նախկին պաշտոնյան:
Անդրադառնալով հիմնադրամի ղեկավար մարմնում ընդիմադիր կուսակցությունների պատգամավորների ներգրավվածությանը, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահը դժկամություն է հայտնում, ասելով, որ ԱԺ-ում ընդիմադիր գործիչներ չկան, իսկ օրենքի ընդունման մասին նախաձեռնությունն ըստ բանախոսի` պաշտպանության նախարարինը չէ:
Նա ենթադրում է, որ որոշումը կայացվել է իշխող կուսակցության կողմից, պարզապես ցուցանակն է փոխվել, քանի որ սա հակապետական գործողություն է, իսկ ժողովուրդը մեծ հույսեր է կապում ներկայիս կառավարության հետ:
«Սա հարվածում և վարկաբեկում է թե կառավարությանը, թե նորանշանակ նախարարին, իսկ վերջիններս իրենց  քայլերով ժողովրդի մեջ մեծ հույս են արթնացրել, ինչը շատ կարևոր հանգամանք է»,- ասում է Ս. Գիմիշյանը:
Վերջինս առաջարկում է օրինականացնել մեծ գումարների դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատ արձակվելը: Նրա խոսքերով, ապօրինի ճանապարհով «բանակից ազատվելու» փոխարեն, գումարները կարելի է նվիրաբերել հիմնադրամին և օրենքով ամրագրված դեպքում հանգիստ խուսափել
պարտադիր ժամկետային ծառայությունից:  
 
 
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»,
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play