«Կարմիր վարդի ալն եմ սիրում» խորագրի ներքո առաջին անգամ Աշուղ Նազելիի հեղինակած բոլոր երգերը հնչելու են մեկ բեմում. (տեսանյութ)


«Կարմիր վարդի ալն եմ սիրում» խորագրի ներքո առաջին անգամ Աշուղ Նազելիի հեղինակած բոլոր երգերը հնչելու են մեկ բեմում. (տեսանյութ)

  • 21-11-2016 15:45:50   | Հայաստան  |  Մշակույթ



Առաջին անգամ բանաստեղծուհի, երգչուհի Աշուղ Նազելիի հեղինակած բոլոր երգերը հնչելու են մեկ բեմում: Նոյեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է բարեգործական մենահամերգ, որը կրում է «Կարմիր վարդի ալն եմ սիրում» խորագիրը: 
 
Ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Աշուղ Նազելին, համերգի բացառիկությունը կայանում է նրանում, որ շատ հայտնի և հանրությանը դեռևս անհայտ երգիչներ կատարելու են հասարակության շրջանում մեծ հեղինակություն վայելող և սիրված երգերը: 
Ա. Նազելիի փոխանցմամբ` իր հեղինակային երգերը վաղուց պարբերաբար հնչում են Հանրային ռադիոյի եթերում, «Ժողովրդական երգիչ» և «Երգ երգոց» նախագծերի շրջանակներում: 
«Իմ բոլոր երգերը ծնվել են իմ լաց ու խնդումից, դրանք շատ թանկ են ինձ համար, սակայն որպես այցեքարտ համարվում է «Սուրբ Մատուռը», որը ինձ ճանաչում բերեց»,- նշեց եգչուհին` հավելելով, որ հաճույքով աշխատում է իր երգերը կատարել ցանկացող թե հայտնի և փորձառու, թե շատերին անծանոթ երգիչների հետ: 
Նրա խոսքերով` երգիչներից յուրաքանչյուրն իր ձևով է մեկնաբանում երգը և դա չի խանգարում, որպեսզի հատկապես երիտասարդ երգիչները լավ կատարեն դրանք: 
Աշուղ Նազելիի տեղեկացմամբ` «Կարմիր վարդի ալն եմ սիրում» խորագրով համերգը բարեգործական է, քանի որ հրավիրվածների մեծ մասն ազատամարտիկների և զոհված զինվորների ընտնանիքների անդամներն են, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպաներն ու կուրսանտները, անվճարունակ համարվող դպրոցականները և ուսանողները,  տարեց ուսուցչուհիները: 
Անդրադառնալով  զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով քաղաքացիների աշխատավարձերից պարտադիր կերպով գանձվող «1000 դրամ»-ի մասին օրինագծին` երգչուհին նշեց. «Չգիտեմ լամ, թե խնդամ: Պետք է ասեմ, որ ես ինձ մշակութային  անդավաճան զինվոր եմ համարում»: 
Աշուղ Նազելիի հետ մշտապես համագործակցող  Էդգար Խաչատրյանը, ով նաև Թաթուլ Ալթունյանի երգի, պարի անսամբլի մեներգիչ և Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է, նշեց. «Աշուղ Նազելին այն բացառիկ ժամանակակից աշուղներից է, ում երգերը նախատեսված են տարիքային բոլոր խմբերի համար. նրա շատ երգերը գրված են իսկական հայերեն տաղաչափությամբ,  ճիշտ շեշտադրությամբ»: 
Երգիչ Ռազմիկ Բաղդասարյանը ևս փաստում է, որ Աշուղ Նազելիի ստեղծագործությունները նոր խոսք են աշուղական երգարվեստում, քանի որ նա ունի իր ուրույն ձեռագիրն ու մտածողությունը: 
«Այդ մտածողությունն իմ կարծիքով` ոչ միայն երգի տաղաչափության մեջ է, այլև երաժշտության, մասնավորապես, մեղեդային գծի մեջ է, որը շատ ինքնուրույն է ու համոզիչ»,- ասաց նա` ընդգծելով, որ սիրով է համագործակցում նման ստեղծագործողի հետ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play