Իգնատի Առաքելյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը


Իգնատի Առաքելյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

  • 21-11-2016 16:02:22   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության առաքելությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը: 
 
Հանդիպման սկզբում Ռամի Սալմանը ներկայացրել է ԵԳՖԱ ծրագրի ընթացքը, որի նպատակն է բարելավել ընտրված գյուղական տարածքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Պատվիրակության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ չնայած ծրագրի մեկնարկից դեռևս շատ քիչ ժամանակ է անցել, այն կարելի համարել հաջողված:
Ընդգծելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ և մշակել ու Հայաստանում իրականացնել նոր ծրագրեր` Ռամի Սալմանը միաժամանակ նշել է, որ արդյունավետության ապահովման համար դրանք պետք է համահունչ լինեն գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին: 
Այս համատեքստում նախարարը մասնավորապես կարևորել է ինտենսիվ այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, անասնաբուժական կենտրոնների վերազինման և մասնագետների վերապատրաստման խնդիրները: 
Ընդգծելով երկրում ջրային ռեսուրսների կառավարման և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` Իգնատի Առաքելյանն արդիական է համարել ձկնաբուծության ոլորտում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն տեխնոլոգիաների և ոռոգման բնագավառում` կաթիլային համակարգերի ներդրումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ծրագրերում գյուղացիներին մատչելի տոկոսադրույքով վարկերի տրամադրման և դրամաշնորհների ներգրավման հնարավորության հարցին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմել և հիմնադրամին ներկայացնել հետագա համագործակցության առաջնային ուղղությունների ցանկը, որը որպես բաղադրիչ կընդգրկվի նոր ծրագրում:   
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության 
և   հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play