Տնտեսության վերականգնումը և զարգացումն առանց առկա էկոլոգիական հիմնախնդիրների լուծման ուղղակի անհնար է. բնապահպան (Տեսանյութ)


Տնտեսության վերականգնումը և զարգացումն առանց առկա էկոլոգիական հիմնախնդիրների լուծման ուղղակի անհնար է. բնապահպան (Տեսանյութ)

  • 05-12-2016 13:03:55   | Հայաստան  |  Հասարակություն



«Տնտեսության վերականգնումը և զարգացումն առանց առկա էկոլոգիական հիմնախնդիրների լուծման ուղղակի անհնար է»,- համոզված է բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
 
Վերջինս դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին` նշեց, որ շրջակա միջավայրի և բնապահպանության ոլորտում առկա նախկին և ներկայիս հիմնախնդիրները նույնն են և գնալով խորանում են:
Ըստ նրա` այժմ տեղի են ունենում համամոլորակային փոփոխություններ` պայմանավորված կլիմայական փոփոխություններով, ինչը հանգեցնում է գլոբալ էկոհամակարգի դեստաբիլիզացման: 
«Մեր հիմնական խնդիրը, որի մասին պարբերաբերաբար բարձրաձայում են էկոլոգիական հասարակական կազմակերպությունները, հանքարդյունաբերությունն է, որն ընդլայնված տարածվում է ամբողջ Հայաստանում` հաշվի չառնելով քաղաքների մերձակա, պահպանվող և գյուղատնտեսական օգտագործման տարածքները. որոշումներն ընդունվում են և սկսվում են հանքերի շահագործման աշխատանքները»,- ասաց նա` հավելելով, որ նման մոտեցման արդյունքում Հայաստանում արդեն ձևավորվել է 21 թունավոր նյութեր և ծանր մետաղներ պարունակող պոչամբար: 
Կ. Դանիելյանի փոխանցմամբ` այդ պոչամբարների մեծ մասը գտնվում են Սյունիքի և Լոռու մարզերում, իսկ մեկական պոչամբարներ` Արարատում և Արագածոտնում: 
Բանպահպանը հիշեցրեց Արթիկի ջրհեղեղի մասին, երբ քարհանքի թափոնները գետի վարարման հետևանքով դուրս եկան և լցվեցին քաղաքի վրա: Նրա խոսքերով, եթե Արթիկում լիներ ոչ թե քարհանքի թափոններ, այլ վերոնշյալ պոչամբարներից որևէ մեկը, ապա ամբողջ քաղաքի տարածքը կթունավորվեր: 
Մասնագետի տեղեկացմամբ` բնապահպաններն առաջարկում են օգտագործել ներկայիս տեխնոլոգիաները, որոնք թույլ կտան այդ պոչամբարներն օգտագործել որպես տեխնոգեն հանքավայրեր. «Այս մասով որոշումը կառավարությունն ընդունել է, այն այժմ ուսումնասիրման և քննարկման փուլում է, սակայն ցավոք սրտի, դրան զուգահեռ բացվում են նոր հանքեր»:
Կ. Դանեիելյանի կարծիքով` բնապահպանների մյուս մտահոգությունը կապված է թափոնների խնդրի հետ, քանի որ Հայաստանի բոլոր բնակավայրերն ու ճանապարհները ողողված են աղբով: 
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահին մտահոգում է այն փաստը, որ Երևանում այդպես էլ չի իրականացվում աղբի տեսակավորման լեգալ գործընթաց: Նման իրավիճակում բնապահպան Կ. Դանիելյանին քիչ թե շատ ուրախացնում է երկու հանգամանք, առաջին` Երևանի քաղաքապետարանը ընտրել է նոր աղբավայրի ժամանակակից տարածք, որտեղ աղբի տեսակավորում է լինելու, իսկ երկրորդը դա այն նոր գործողությունների ծրագիրն է` «Կանաչ քաղաք» անվանմամբ, որը սկսում է քաղաքապերանը միջազգային կառույցների հետ համատեղ: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play