«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • 14-12-2016 14:22:35   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ:
 
2016թ. դեկտեմբերի 13-ին՝ժամը 17:50-ին, «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած կտրած թափանցող վերք՝ թոքի վնասումով ԲԿ է տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա.Ավետիսյանը։
 
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում կալանավորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի  ընթացքում նրանցից մեկը սուր ծակող առարկայով հարվածներ է հասցրել մեկ այլ կալանավորի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Ա.Ավետիսյանը ճանաչվել է տուժող։
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ:
 
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play