ՓՄՁ շահերը պաշտպանող ՀԿ նախագահները պատկան մարմիններին խնդրում են հասարակությանը հարկային և վարկային «արձակուրդ» տալ (տեսանյութ)


ՓՄՁ շահերը պաշտպանող ՀԿ նախագահները պատկան մարմիններին խնդրում են հասարակությանը հարկային և վարկային «արձակուրդ» տալ (տեսանյութ)

  • 14-12-2016 15:08:10   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում փոքր և միջին ձեռներեցների (ՓՄՁ) շահերը պաշտպանող «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» անդամները պահանջում են համաներման գործընթացը տարածել ողջ ազգաբնակչության վրա: Նրանք խնդրում են պատկան մարմիններին հասարակությանը հարկային և վարկային «արձակուրդ» տալ: 
 
Ինչպես դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, իրենք պատրաստվում են վերսկսել բողոքի ակցիաները, քանի որ տեսնում են, որ որևէ դրական փոփոխություն չի կատարվում: 
Նրա խոսքերով` հայտարարված համաներման գործընթացն ընդամենը ընտրություններից առաջ հասարակության վստահությունը վերականգնելու տարբերակ է: 
«Այսօր մի քանի հազար քաղաքացիներ, ավտովարորդներ, գտնվում են այնպիսի սուր իրավիճակում, երբ ցանկացած համաներում չի ազդում նրանց վրա.  ո՞նց կարող են մարդիկ 200 հազար դրամ մայր գումար վճարել, եթե գործազուրկ են կամ անվճարունակ, էլ չեմ խոսում մեկ միլիոնից բարձր գումարների մասին»,- ասաց Տ. Հովհաննիսյանը` հավելելով, որ վարկային սառեցում պետք է լինի ձեռներեցների ոլորտում: 
«Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ, կոնֆեդերացիայի անդամ Գագիկ Դանիելյանի պնդմամբ` ոչ մի քաղաքացի չի հրաժարվում վարկերը վճարելուց, սակայն ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ ոտքի կանգնեն և կարողանան մեջքն ուղղել: 
Բանախոսի համոզմամբ` հայ ժողովրդի 90 տոկոսը վարկեր ունի բանկերում և չի կարողանում վճարել, դրան գումարվում է նաև վարկային սև պատմությունը, ինչն անհնար է դարձնում քաղաքացիների համար հետագայում ևս վարկեր վերցնելու հնարավորությունը: 
 Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն էլ արձանագրեց, որ դեպի լավը ոչինչ չի կատարվում: 
Նրա կարծիքով, եթե երթուղին սպասարկողը հրաժարվում է աշխատելուց, դա նշանակում է, որ դանակը հասել է ոսկորին: 
«Բոլորս նույն բանն ենք ասում տարբեր բառերով, «արձակուրդ» տվեք, մարդկանց հնարավորություն տվեք մեջքները շտկեն, ուրիշ բան հո չենք ուզում»,- նշեց Հ. Եղիազարյանը` ընդգծելով, որ տեսախցիկների, կարմիր գծերի պատճառով քաղաքացիների վրա կուտակված պարտքերը մեկ է չեն վճարվելու, քանի որ մարդիկ վճարունակ չեն: 
Փոխադրողների միության նախագահի համոզմամբ` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ոլորտի մասնագետներ չկա, մինչդեռ նրանք օրենքներ ու տուգանքների չափ են սահմանում` առանց խորհրդակցելու և դրանք քննարկելու հասարակական կազմակերպությունների կամ այդ օրենքներն իրացնողների հետ: 
«ՀՀ-ում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանն առաջարկեց վերանայել բոլոր տույժ ու տուգանքների չափերը: Այս հարցում նա պատրաստ է պատկան մարմինների օգնել սեփական առաջարկություններով, որոնք բազմաթիվ են և մինչ օրս անտեսվել են: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play