Զինվորների և նրանց ընտանիքների նկատմամբ այս ծայրաստիճան անտարբերությունը հանգեցնելու է հասարակական նոր պոռթկումների. Սոֆյա Հովսեփյան (Տեսանյութ)


Զինվորների և նրանց ընտանիքների նկատմամբ այս ծայրաստիճան անտարբերությունը հանգեցնելու է հասարակական նոր պոռթկումների. Սոֆյա Հովսեփյան (Տեսանյութ)

  • 19-12-2016 14:41:11   | Հայաստան  |  Հասարակություն



«Զինվորների և նրանց ընտանիքների նկատմամբ այս ծայրաստիճան անտարբերությունը հանգեցնելու է հասարակական նոր պոռթկումների»,- համոզված է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը` ամփոփելով 2016 թվականը: 
 
Ըստ նրա` ապրիլյան քառօրյա պատերազմից ընդամենը 9 ամիս է անցել, սակայն արդեն հստակ է, որ զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքները մատնված են բացարձակ անտարբերության, մինչդեռ երկրորդ ընթաերցմամբ Ազգային ժողովն ընդունում է «1000 դրամի» մասին օրինագիծը: 
«Մեզ համար քառօրյա պատերազմը բացահայտում չէր այն իմաստով, որ մենք ունենք զինվոր տղաներ, ովքեր պատրաստ են արյան գնով պաշտպանել հայրենիքը, սակայն 2016-ը գնահատելիս պետք է նշեմ, որ քաղաքական առումով ունենք նողկալի վիճակ, այսինքն` մենք խոսում ենք զարգացման մասին` առանց հասկանալու այդ բառի բուն իմաստը»,- ասաց նա` հավելելով, որ նոր կառավարության փոփոխությունն ընդամենը դիմակների փոփոխություն էր, այլ ոչ թե գործելաոճի: 
Ս. Հովսեփյանի կարծիքով` «1000 դրամի» մասին օրինագիծն իշխանությունների հերթական սրիկայական քայլն է, որն արվեց դարձյալ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու: 
Նա փաստեց, որ ամեն օր ստանում է բազմաթիվ հեռախոսազանգեր, երբ ապրիլյան քառօրյայում զոհվածների կամ վիրավորների հարազատները դժգոհում են իրենց նկատմամբ դրսևորվող արհամարհական վերաբերմունքից, լինի դա հիվանդանոցում, ԲՈՒՀ-ում, թե Պաշտպանության նախարարությունում: 
2016 թվականի որպես միակ և կարևոր ձեռքբերում` Ս. Հովսեփյանը համարեց պատերազմի օրերին հայ ժողովրդի համախմբումը և բանակին աջակցելու պատրաստակամությունը, որը պարտադրված չէր հասարակությանը: 
Ի դեպ` Սոֆյա Հովսեփյանը հայրենիքին մատուցած ծառայության համար Հայաստանի Հանրապետության Առաջին Գունդ կազմակերպության նախագահ Վ. Չիբուխչյանի կողմից արժանացավ պատվոգրի: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play