Ապրիլյան քառօրյայում զոհված զինծառայողի մայրը «1000 դրամների» մասին օրինագիծը համարում է խտրական վերաբերմունքի դրսևորում.(Տեսանյութ)


Ապրիլյան քառօրյայում զոհված զինծառայողի մայրը «1000 դրամների» մասին օրինագիծը համարում է խտրական վերաբերմունքի դրսևորում.(Տեսանյութ)

  • 19-12-2016 19:07:59   | Հայաստան  |  Հասարակություն



«Սրտացավ Մայրեր» բարեգործական կազմակերպության հիմնադիր տնօրեն՝ քառօրյա պատերազմում զոհված՝ Գրիգոր Հարությունյանի մոր` Անահիտ Հարությունյանի համար անընդունելի է «1000 դրամների» մասին օրինագիծը, որով խտրական վերաբերմունք է դրսևորվելու ապրիլյան քառօրյայում զոհված և վիրավոր զինծառայողների և 2017 թվականից հետո հայրենիքի պաշտպանության համար հնարավոր զոհերի կամ վիրավորների միջև: 
 
Ինչպես դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա, իր տղան այն 18 կորածների թվում է եղել, ով գերեվարվել է թշնամու կողմից, ենթարկվել խոշտանգումներին, ապա դիակը հանձնվել է հայկական կողմին, և այսօր ինքը` որպես զոհված զինծառայողի միայնակ մայր ստանում է ընդամենը 30 հազար դրամ թոշակ: 
«Ներկա պահին ես չորս երեխաների միայնակ մայր եմ, ամուսինս մահացել է 2003 թվականին, ավագ որդիս ծառայել է Վայքում և հիվանդություն ձեռք բերած հետ է վերադարձել, կրտսեր որդիս զոհվեց ու ես այս ծանր սոցիալական պայմաններում մեծացնում եմ մյուս երեխաներիս»,- ասաց նա` հավելելով, որ իրեն այսքան ժամանակ օգնել է միայն թաղապետարանը:  
Ա. Հարությունյանի խոսքերով, 1000 դրամ գանձում են հասարակ ժողովրդից այն դեպքում, երբ դարձյալ այդ հասարակ ընտանիքների զավակներն են Հայաստանի սահմանները պաշտպանում: 
Նրա կարծիքով` բանակին և զինծառայողներին աջակցելու գաղափարը պետք է կյանքի կոչվի այլ տարբերակով, այլ ոչ թե սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանցից 1000 դրամ հավաքելով:
«Ես ինքս լինելով զոհվածի մայր` գտնում եմ, որ մեր բանակը պետք է զորեղացնենք, ապահովենք զենք զինամթերքով, քանի որ հենց այդ պատճառով է մյուս 100 անմեղ զոհերի արյունը թափվել: Հարգելի պարոնայք մեծահարուստներ, այս հարցում օգնեք բանակին, չէ որ Ձեր որդիները պաշտպանված են, իսկ ժողովրդի այն հատվածը, որն ի վիճակի չէ նյութական աջակցություն ցուցաբերել, իր երեխաներին ուղարկում է բանակ` պահելով մեր խաղաղ քունը»,- ընդգծեց Ա. Հարությունյանը` հորդորելով պատկան մարմիններին իր նման սևազգեստ մայրերի մասին ոչ մի դեպքում չմոռանալ և անուշադրության չմատնել իրենց: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play