Շուտով հայաստանյան տրանսպորտային միջոցները կկարողանան անարգելք մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք (տեսանյութ)


Շուտով հայաստանյան տրանսպորտային միջոցները կկարողանան անարգելք մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք (տեսանյութ)

  • 23-12-2016 18:56:23   | Հայաստան  |  Քաղաքական



Շուտով հայաստանյան տրանսպորտային միջոցները կկարողանան անարգելք մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածք: Ինչպես դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Իրան-Հայաստան բարեկամության միության» գործադիր տնօրեն Մուհամմադռեզա Դամավանդին, այս ենթատեքստում դեռևս բաց է մնում իրանական բեռնատարների դեպի Հայաստան տարանցիկ միջնորդավճարների հետ կապված խնդիրը: 
 
Ըստ նրա, ներկայումս իրանական բեռնատարները Թուրքիայի տարածք մուտք են գործում անվճար, իսկ Ադրբեջան և Հայաստան մուտք գործելու համար վճարում են համապատասխանաբար 100 և 300 դոլար:
Մ. Դամավանդիի կարծիքով` սահմանային վճարի բարձր լինելն է պատճառը, որ իրանական բեռնատարները նախընտրում են 3-րդ երկիր գնալ Թուրքիայով և Ադրբեջանով: 
«Մենք պատրաստվում ենք Հայաստանի կառավարությանն առաջարկել կամ վերացնել այդ տարանցիկ միջնորդավճարները, կամ գոնե նվազեցնել դրանց չափը»,- նշեց նա:  
Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցին և առհասարակ հայ-իրանական հարաբերություններին`  «Իրան-Հայաստան բարեկամության միության» գործադիր տնօրենն ընդգծեց, որ ԻԻՀ նախագահի այցը Հայաստան լավ սկիզբ է 2017 թվականի համար երկու երկրների միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու և զարգացնելու տեսանկյունից: 
Նրա խոսքերով` հայ-իրանական քաղաքական հարաբերությունները բավականին ջերմ են, սակայն նույնը չի կարելի ասել տնտեսական, սոցիալական և մշակութային երկկողմ հարաբերությունների մասին: 
«Այս երկու երկրները շատ մեծ հնարավորություններ ունեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության համար, հետևաբար դրանք պետք է զարգացնել և ավելի ամրապնդել»,- ընդգծեց Մ. Դամավանդին` շեշտելով, որ հայ և իրանցի հարևան ժողովուրդները միմյանց ծանոթ են ընդամենը պատմական տեսանկյունից: 
«Հայ-Իրանական բարեկամության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վոլոդյա Առուշանյանի գնահատմամբ` Իրանը Հայաստանի համար ոչ միայն հարևան, այլև բարեկամ երկիր է, հետևաբար իրենց հասարակական կազմակերպությունները ցանկանում են սեփական լուման ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
«Զբոսաշրջությունը մեր միության հիմնական ուղղվածություններից մեկն է, սակայն պետք է նշեմ, որ բազմաթիվ թերություններ և բացթողումներ կան նաև այս ոլորտում»,- ասաց Վ. Առուշանյանը` հավելելով, որ այդ մասին է վկայում 70 միլիոնանոց բնակչություն ունեցող Իրանից Հայաստան այս տարի ժամանած զբոսաշրջիկների թիվը, որն ընդամենը կազմել է 260 մարդ:     
Նրա փոխանցմամբ` «Հայ-Իրանական բարեկամության միություն» և «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայումս աշխատում են երկու ժողովուրդներին ծանոթացնել հայկական և իրանական մշակույթին, զբոսաշրջային հայտնի վայրերին: 
Բանախոսները հույս հայտնեցին, որ 2017 թվականին հայ-իրանական երկկողմ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում էական առաջընթաց կարձանագրվի` շնորհիվ այն ջանքերի, որոնք գործադրում են թե հայ, թե իրանցի բարձրաստիճան պաշոնյաները:   
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական