Ռեկտորի գնահատմամբ` 2016 թվականը բարեհաջող է եղել «Եվրասիա» միջազգային համալսարանի համար (տեսանյութ)


Ռեկտորի գնահատմամբ` 2016 թվականը բարեհաջող է եղել «Եվրասիա» միջազգային համալսարանի համար (տեսանյութ)

  • 28-12-2016 16:05:50   | Հայաստան  |  Հասարակություն



Ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանն անցնող տարին ընդհանուր առմամբ բարեհաջող գնահատեց: 
 
Վերջինս  «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2017 թվականին սպասում է բազմաթիվ ակնկալիքներով: 
1997 թվականից մասնավոր կրթական գործունեությամբ զբաղվող Ս. Օհանյանը ստեղծել է շարունակական կրթական գործունեություն իրականացնող կառույցներ` «Նյուտոնիկ» նախակրթարանը, «Օհանյան» կրթահամալիրը և «Եվրասիա» միջազգային համալսարան և հենակետային վարժարանը: 
«Տարրական դպրոցում ներդրվել է «Գիտություն» դասընթացը, որն իր մեջ ներառում է բնագիտական այն բոլոր նախնական հասկացությունները, որոնք հետագայում երեխային առեղծվածային են թվում` առանց հասկանալու նրանց առաջացման պատճառները և հետևանքները, հետևաբար սկսած հենց առաջին դասարանից, նույնիսկ առանձին դեպքերում որոշ փորձեր տեղափոխվել են մանկապարտեզ, և փորձերի միջոցով իրականցվում է «Գիտություն» առարկայի դասավանդումը»,- նշեց Ս. Օհանյանը:
Անդրադառնալով «Օհանյան» կրթահամալիրին` նա տեղեկացրեց, որ դպրոցը մասնակցում է միջազգային մի շարք ծրագրերի, իսկ մի քանի տարի առաջ «Microsoft» ընկերության կողմից արժանացել է աշխարհի ընտրված 63 դպրոցների կարգավիճակին:
Ս. Օհանյանի փոխանցմամբ` շատ են ձեռքբերումները նաև «Եվրասիա» միջազգային համալսարան և հենակետային վարժարանի դեպքում: 
«2015 թվականին համալսարանն անցել է ինքնավերլուծության փուլ և ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, այժմ մենք վեց ամիսը մեկ հաշվետվություններ ենք ներկայացնում. Ասեմ, որ լիարժեք և խիստ պայմաններ են առաջադրվել Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, մեկ ու կես տարվա ընթացքում մենք արդեն հասցրել ենք բավարարել նրանց կողմից ներկայացված պահանջները, հետևաբար որպես համալսարան` մենք մեզ շատ լավ ենք զգում ոչ միայն ենթակառուցվածքների, այլև ընդհանուր կրթական մշակույթի առումով»,- ընդգծեց նա:  
Ըստ Ս. Օհանյանի` վերոնշյալ երեք կրթական հաստատությունների հաջողությունները հիմնականում պայմանավորված են ուսուցչական անձնակազմի մասնագիտական պատրաստվածությամբ և սրտացավ աշխատանքով: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play