«Յուրաքանչյուր պետական գործչի համար կգա պատասխանատվություն վերցնելու պահը».Ժիրայր Լիպարիտյան


«Յուրաքանչյուր պետական գործչի համար կգա պատասխանատվություն վերցնելու պահը».Ժիրայր Լիպարիտյան

  • 30-12-2016 16:14:28   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Վերջին օրերին քննարկման առիթ է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝  դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում հնչած ելույթը, որում ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:
 
 Ելույթի եւ դրա վերաբերյալ  հրապարակված կարծիքների առնչությամբ մեկնաբանություն ենք խնդրել 1991-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանից: 
 
- ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր Պետրոսյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության լուծման հնարավորություններին: Ելույթին վերաբերող արձագանքները հիմնականում բաժանվեցին երկու մասի՝ կողմ եւ դեմ, եղան նույնիսկ սուր քննադատություններ: Դուք ինչպե՞ս եք գնահատում առաջին նախագահի խոսքը:  
 
-Ինձ մոտ կասկած չկա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթը նշանակալից էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական առումով: Այնքան կարեւոր էր, որքան իր՝ 1997-ի նոյեմբերի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Անկախ նրանից, թե այն ինչ ազդեցություն կունենա ԼՂ հարցի լուծման կամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա, այդ ելույթը պետական գործչի ելույթ էր: Լիովին համաձայն եմ Տեր-Պետրոսյանի ներկայացրած փաստերի՝  հիմնական կարեւորության, օգտագործած տրամաբանության եւ եզրակացությունների հետ: Այստեղ մի քանի իրականություններ կան, որոնք չենք կարող անտեսել.
 
ա. Ներկա իրավիճակը անընդունելի է մեր հակառակորդի, մեր հարեւանների եւ միջազգային հանրության համար,
բ. Ներկա իրավիճակը վստահաբար տանում է դեպի նոր պատերազմ: Ինչպես անցյալում, ներառյալ՝ ապրիլյան պատերազմի պարագայում, միջազգային  հանրությունը Ադրբեջանին չի դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսման համար,
գ. Ներկա իրավիճակը ավելի քան վտանգավոր է Հայաստանի եւ Ղարաբաղի համար:
 
Պետական բյուջեն պայթում է: Զոհված զինվորների ընտանիքների համար արտաբյուջետային միջոցների ենք դիմում: Առողջապահության նոր նախարարն հայտարարում է՝ մաղարիչ ասվածն ընդունելի է, որովհետեւ պետությունը ի վիճակի չէ կարգին ռոճիկ տալ այդ ասպարեզի աշխատողներին: Պետական պարտքը, ներքին թե արտաքին, արդեն անցել է ընդունելի սահմանները: Արտագաղթը շարունակվում է, հարկային բազան նվազում է, զինվորական ծառայության ենթակա երիտասարդների թիվը՝ նույնպես: 
 
Նման իրականությունների շարքը երկար է: Սրանք նաեւ պետական գաղտնիքներ չեն: Իր ելույթում Տեր-Պետրոսյանը հստակորեն ներկայացրել է այդ շարքից մեծ թվով խնդիրներ: Եվ չնայած այս ամենին, այդ ելույթի նկատմամբ երկու կարեւոր նկատառում ունեմ: Առաջինը վերաբերում է Հայաստանի եւ Իսրայելի պարագաների համեմատությանը: Առաջին նախագահն իր ելույթում  հանգամանորեն անդրադարձել է «ազգ-բանակ» հասկացության պատմական եւ ժամանակակից օգտագործմանը: Իսրայելի պարագայում այդ հասկացողության գործնականացումը ունի հաջողության տարբեր պատճառներ: Դրանից ամենակարեւորն այն էր, որ Իսրայելը կարողացավ ապահովել մի մեծ եւ ուժեղ պետության՝ ԱՄՆ-ի ամբողջական, գրեթե՝ անսակարկ, ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ դիվանագիտական օժանդակությունը: Մենք չունենք նման պետություն մեր կողքին: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը նման դեր չեն ստանձնել, որքան էլ շատերը փորձում են նման հույս փայփայել: Ռուսաստանը լուրջ պետություն է եւ  արդեն ավելի քան երկու տասնամյակ մեզ ասում է, թե ինչն է իր համար ընդունելի: Ուրիշ բան հասկանալը կամ ուրիշ բանի հավատալը ցնորամտություն է:
 
Այն, որ Տեր-Պետրոսյանի առաջարկները մոտենում են Լավրովի առաջարկին, ինքն իր մեջ ոչ լավ է, ոչ վատ: Եվ վատ չպիտի որակել պարզապես միայն այն պատճառով, որ Լավրովն է դա առաջարկում: Լավրովից շատ առաջ Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսել է: Նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներով պայմանավորված խոսում է գոյություն ունեցող իրականությունների իրապաշտ կարելիությունների մասին: Իսկ այդ իրականությունները ստեղծողները նույն մարդիկ են, որոնք իրենց անհեռատեսությամբ ու անհիմն փաստարկներով ընդդիմացան 1997-ի լուծմանը եւ հետագայում վարեցին այնպիսի քաղաքականություն, որը խորացրեց ՀՀ կախվածությունը Ռուսաստանից եւ հանգեցրեց ներկա իրականություններին: Եւ վերջապես՝ այդ լուծումը միայն Լավրովի լուծումը չէ: ԱՄՆ-ը, Եվրոպան էլ Ռուսաստանի հետ են այս հարցում, անկախաբար՝ միասին կիրականացնեն այն, թե Ռուսաստանը դա կանի այլ ճանապարհով: Նույնքան եւ ավելի կարեւոր է ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ համեմատությունը՝ այսօր սեղանին  դրված փաստաթղթերի, իրենց տարբերակներով՝ 1997-ի առաջարկի հետ: Բայց 1997-ի առաջարկով Լաչին գավառը մնում էր հայկական հակակշռի տակ, եւ նրա կարգավիճակը որոշվելու էր ԼՂ կարգավիճակի հետ՝ երկրորդ փուլում:
 
Առկա փաստաթղթերով՝ Լաչինի կարգավիճակը կարծես առանձնանում է ԼՂ կարգավիճակից եւ անցնում է ինչ-որ «միջազգային» ուժի: ԼՂ անվտանգության տեսակետից այս կետը ավելի կարեւոր է, քան որեւէ սկզբունքային հայտարարություն որեւէ փաստաթղթի մեջ: Հուսով եմ՝ սխալվում եմ: Տվյալ պայմաններում, սակայն, դա էլ, ի վերջո, երկրորդական է: Տեր-Պետրոսյանի հետ ավելի քան համաձայն եմ.  որքան հետաձգենք հակամարտության լուծումը, այնքան ավելի վատ է լինելու մեզ համար: Եւ սա ամենակարեւոր գործոնն է, որը քննադատները չեն ուզում տեսնել եւ դրա փոխարեն հայրենասիրական հռետորության են դիմում: Ժամանակը  արդեն շուրջ երկու տասնամյակ ցույց է տվել, որ արդարացված է ժամանակի ժխտական դերի վերաբերյալ այս վարկածը: 
 
-  Առաջին նախագահի ելույթը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից: Կան գործիչներ, որոնք Լեւոն Տեր Պետրոսյանին համարում են դավաճան: Չե՞ք վախենում, որ Ձեզ էլ կմեղադրեն հայրենիքի դավաճանության մեջ:  
 
--Կարծում եք՝ նման անվանարկումը նորությու՞ն է լինելու: Մարդիկ, որոնք հանրության անունից կամ հանրային սպառման համար նման անվանարկումների վրա են հենվում, իրենք իրենց վերագրում են «դավաճանին»  դիմադրողի՝ հերոսի դերը: Նախընտրում եմ հարցի կապակցությամբ խոսել փաստարկներով եւ ոչ նման էժանագին որակումներով: Իսկ եթե անհրաժեշտ է հարցը վիճարկել դավաճանի ու հերոսի կամ փրկչի եզրաբանությամբ, պիտի առաջարկեի հետեւյալը. դավաճանները նրանք են, որոնք անգիտակցաբար կամ գիտակցաբար անտեսելով կուրացնող իրականությունները, տակավին կառչում են վտանգավոր «տեսլականներից» եւ  մեր ժողովրդին տարել-տանում են դեպի հերոսության ու մարտիրոսության «ռազմավարություն»: Հայ ժողովրդի գոյության նպատակը երկնքում որպես հերոս եւ մարտիրոս ընդունվելը չի կարող լինել: Մենք այդ «քվոտան» վաղուց սպառել ենք: Անկախաբար, թե ով է պատասխանատու այսօրվա իրականությունների համար, թե ով է պատճառը, որ մենք կորցրինք ԼՂ հարցի լուծումներից նվազագույն վատը, որը կարող էր չարյաց փոքրագույնը լինել, այսօր ունենք իրականություններ, որոնք հնարավոր չէ մոռացության մատնել՝ օգտագործելով «գերհայրենասիրական» հռետորաբանություն: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play