Հանրապետականները լավ են հաշվում.Վահրամ Բաղդասարյան


Հանրապետականները լավ են հաշվում.Վահրամ Բաղդասարյան

  • 12-01-2017 18:12:39   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

 

Պարոն Բաղդասարյան, ի վերջո երբ կլինի ՀՀԿ խորհրդի նիստը։

 

Ինչո՞ւ եք այդքան անհանգիստ մեր խորհրդի նիստի համար։ Իհարկե ուրախանում եմ, որ այդքան անհանգստանում եք։

 

Բայց ինչո՞ւ այսքան ձգձգվեց, կա՞ն խնդիրներ։

 

Բայց ի՞նչն է ձգձգվում, մենք ամբողջովին գնում ենք կանոնակարգով, ժամանակ ունենք, մենք կհայտարարենք՝ երբ ենք անում մեր խորհրդի նիստը, մի անհանգստացեք, ամեն ինչ իր բնականոն հունով ընթանում է։

 

Պարոն Բաղդասարյան, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ համամասնական ցուցակում ընդգրկվելը մնում  է օդում կախվա՞ծ՝ հաշվի առնելով այն, որ նա վերջին հինգ տարիներին Հայաստանում չի բնակվել, ինչը օրենքի պահանջ է առաջադրվելու դեպքում։

 

Դա ձեր հետաքրքրություններն են, մենք նման քննարկում չենք ունեցել։ Մենք շարժվում ենք օրենքով, այս հարցը ես չեմ ուսումնասիրել, դրա համար կան համապատասխան մասնագետներ, կտան մեկնաբանություններ, կանդրադառնան այդ հարցին։

 

Մամուլը գրում է, որ ՀՀԿ կանանց շրջանում խնդիր է ծագել, դեմ են Արփինե Հովհաննիսյանի՝ կանանց ցուցակում առաջինը ընդգրկելուն։

 

Մեր կանանց մոտ ամեն ինչ նորմալ է, նրանք շատ հանգիստ են, մի անհանգստացեք, մտածեք ուրիշների կանանց մասին։

 

Նկատի ունեք՝ մյուս քաղաքական ուժերի կանանց մասին մտածե՞նք։

 

Այո, մեզ մոտ ամեն ինչ բնականոն հունով ընթանում է, մեր կանայք համերաշխ են, ջերմ են միմյանց հետ և դեռ զբաղված են ամանորյա ընտանեկան գործերով։

 

Իսկ նոր կանայք կընդգրկվե՞ն ցուցակում։

 

Նման հարց չենք քննարկել, համբերեք, մի շտապեք։

 

Իսկ ժամանակը քիչ չէ՞։

 

Միշտ ասում եք՝ հանրապետականները լավ են հաշվում, մի կասկածեք, հիմա էլ լավ հաշվում ենք և ամիսները, և օրերը, և ժամանակի մեջ մենք տեղավորվում ենք։

 

Ծառուկյանի հայտարարության ուշացումը դարձյալ կապվում է իշխանության հետ։ Նա հանդիպե՞լ է իշխանություններին։

 

Ոչ, չեն եղել, այդ հարցերն ուղղեք Գագիկ Ծառուկյանին, նա բոլոր հարցերին կպատասխանի։

 

Մինչև ընտրություններ ԱԺ նիստ կգումարվի՞։

 

Այո, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ Եվ պետք է փետրվարի վեցին լիագումար նիստին պատաստվենք։

 

Վանաձորում նոր ընտրություններ հայտարարելու պահանջով ԼՀ, ՀՎ և ԲՀ կուսակցությունները  դիմել են կառավարությանը։ Նշվում է, որ կամ Վանաձորի քաղաքապետը պետք է հրաժարական տա, կամ նոր ընտրություններ հայտարարվեն։ Ի վերջո, խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։

 

Մեր կարկառուն իրավաբաններին խնդրում եմ ուսումնասիրեն օրենքը, մենք շարժվում ենք օրենքով, օրենքն ինչ կթելադրի, այդպես էլ շարժվենք։

 

Այս փուլում ՀՀԿ-ն ո՞ր ուժին կամ դաշինքին է համարում մրցակից։

 

Բոլոր քաղաքական ուժերին, որոնք հայտ են ներկայացնում քաղաքական դաշտում, բոլորին էլ համարում ենք մրցակիցներ, մենք որևէ մեկին չենք թերագնահատում։

 

Չի՞ ստացվում, որ դարձյալ երեք նախագահների տիրույթում է լինելու մրցակցություն, մեկի հետևում Քոչարյանին են տեսնում, մյուսն անձամբ Սերժ Սարգսյանը կգլխավորի, երրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։

 

Ռոբերտ Քոչարյանը որևէ հայտարարություն չի արել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ունի իր կուսակցությունը, և բնականաբար պետք է կանգնի իր կուսակցության կողքին։

 

Օսկանյանի և Օհանյանի՝ մարտի մեկի դերակատարության մասին խոսվեց, որ նրանք չեն եղել հրաման տվողները։

 

Հիշո՞ւմ եք՝ որևէ ընտրություն, որ այդ հարցերն առաջ չքաշվեն։ Սրանք ընտրական շոուներ են, և ցանկացած ընտրություններից առաջ այս հարցերը բարձրացնում են։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play