ՀՀԿ-ում կամ ուզում են երկաթբետոնե երաշխիքներ իշխանության գլուխ մնալու համար, կամ էլ ուղղակի լքում են ճամբարը.Քաղաքագետ


ՀՀԿ-ում կամ ուզում են երկաթբետոնե երաշխիքներ իշխանության գլուխ մնալու համար, կամ էլ ուղղակի լքում են ճամբարը.Քաղաքագետ

  • 25-01-2017 19:13:38   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

 

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ից դուրս է գալիս, սակայն մնալու է քաղաքականության մեջ։ ՀՀԿ-ից դուրս են եկել նաև Գայանե Սողոմոնյանը, առաջիկայում կուսակցությունը կլքի նաև Մհեր Սեդրակյանը։ Ձեր կարծիքով ի՞նչ է տեղի ունենում, ՀՀԿ-ն ներսից ճաքե՞ր է տալիս։

Կատակով կարելի է ասել, որ ՀՀԿ-ից դուրս գալը նորաձև է դարձել, բայց եթե լուրջ, կարող ենք մեկնաբանել, որ ՀՀԿ-ին անհրաժեշտ է սերնդափոխություն, և Սերժ Սարգսյանը հույս ուներ, որ այդ սերնդափոխությունը կընթանա փափուկ ձևով, մինչդեռ հին կորիզը չի ուզում զիջել իր դիրքերը, ցանկանում է մնալ հին պաշտոններին։ Դա ակնհայտ է նաև ՀՀԿ կանանց շրջանում շրջանառվող բամբասանքների և առևտրի վերաբերյալ մեզ հասնող լուրերից։ Բայց դա հնարավոր չէ, խորհրդարանն իսկապես առաձգական չէ, և ՀՀԿ-ն արդեն խնդիր ունի ոչ միայն վերարտադրվելու, այլ վերարտադրվելու նոր որակով, որովհետև նախորդ որակը քաղաքական և էթիկական որևէ շրջանակի մեջ չէր տեղավորվում։

Հիմա այդ վերարտադրությունն ընթանում է մի քիչ կոշտ ձևով, մանավանդ հայտնվել է վարչապետի նոր բևեռը, որն ակնհայտորեն հովանավորություն ունի Մոսկվայից։ Իսկ քանի որ Հայաստանը իր նախորդ իշխանությունների ձեռամբ շատ-շատ անհեռատես ձևով իրեն գցել է Մոսկվայի կառավարման ծուղակը, ապա ստիպված պետք է հանդուրժի նաև այն, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնացել է Մոսկվա՝ իր քաղաքական ճակատագրի վերաբերյալ ճշգրտումներ անելու։ Մոսկվա է գնացել նաև գործող վարչապետը։ Մենք տեսնում ենք, որ այդ կենտրոնացված կառավարման օրինակը մեր աչքի առջև է, և դա արվել է հենց ՀՀԿ-ի իշխանության օրոք։ Եթե իրենք այդքան անհեռատես չլինեին, կհասկանային, որ եթե դու կառավարման ոլորտում հույսդ դնում ես ինչ-որ վերին ուժի վրա, այդ նույն վերին ուժը կարող է քեզ ստեղծել այլընտրանք, ֆինանսավորվող կենտրոն, ինչ ասես։ Դրա համար ՀՀԿ-ի վերաձևումն այնքան կարևոր փաստ չէ, որքան կարևորն այն է, որ Հայաստանում այլևս չկա այսպես կոչված միատարր իշխանություն։ Դրա համար էլ ՀՀԿ-ում կամ ուզում են երկաթբետոնե երաշխիքներ իշխանության գլուխ մնալու համար, կամ էլ ուղղակի լքում են ճամբարը։

 

Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա իշխանության ներսում երկու օլիգարխիկ բևեռների բախում է՝ մեկը ռուսական, մյուսը՝ հայկական։

 

Կարող ենք արձանագրել, որ ընդհանրապես ՀՀԿ-ում հին և նոր սերունդների բախումն է, և երկրորդ՝ սա նաև կարող ենք ասել, որ, երկու բևեռն էլ դրսից են ղեկավարվում, ուղղակի դրանցից մեկը համեմատաբար նոր է, մյուսը՝ հին։

 

Այս առումով առաջիկայում հնարավո՞ր են հետաքրքիր զարգացումներ, ներիշխանական վերաձևումներ և անգամ իշխանափոխություն։

 

Հայաստանում կարող է լինել ձևի իշխանափոխություն, այսինքն՝ իշխանության մեջ գտնվող մարդկանց կարող է գալ փոխարինելու ներկայիս իշխանական կամ ընդդիմադիր ճամբարի ցանկացած հավաքական թիմ, և դրանից Հայաստանում ոչինչ չի փոխվելու։ Հայաստանը ղեկավարվում է կոռումպացված, վերևից թելադրվող, երկու անգամ միջնորդավորված ձեւով՝ մեկը ներքին օլիգարխիկ կլանային համակարգով, մյուսը՝ ռուսական կառավարման համակարգով միջնորդավորված սիստեմով։ Եկող քաղաքական ուժերից որևէ մեկը ոչ բարձրաձայնել է այդ կառուցվածքը, ոչ էլ ներկայացրել է իր հայտը՝ այդ կառուցվածքը ջարդուփշուր անելու համար։ Իշխանափոխություն Հայաստանում բացարձակապես ենթադրում է իշխանության փոփոխություն մի մարդկանց խմբից մյուս մարդկանց խմբով։ Ընդամենը այսքանը, իսկ համակարգի փոփոխություն չկա։

 

Ընդդիմադիր գործունեության հայտ ներկայացնող նորաստեղծ դաշինքները (Ծառուկյան դաշինք, Օհանյան-Օսկանյան դաշինք և «Ելք») նո՞ւյնպես ձեր նշած խաղի տիրույթում են գործում։

 

Եթե դաշինքները ձևավորվում են և հայտարարում, որ ձևավորվում են իշխանափոխության ծրագրի շուրջը, ապա բացում ենք չակերտները՝ մենք միավորվում ենք, որպեսզի անկախ քաղաքական սկզբունքներից, անկախ մեր գաղափարներից կամ գաղափարներ չունենալով տեղ զբաղեցնենք իշխանական համակարգում։ Մենք տեսնում ենք, որ դաշինքներում միավորվում են մարդիկ, որոնց նախորդ հռչակած քաղաքական ծրագրերը ընդհանրապես նույնիսկ դույզն ինչ չեն առնչվում միմյանց։ Այդ պրագայում կարելի՞ է խոսել դաշինքների մասին, կամ կարելի՞ է ասել, որ իշխանափոխությունն իրականում այն ծրագիրն է, որը վստահելի կարող է հնչել։ Որովհետև իշխանափոխություն դեռ չի նշանակում փոփոխություն դեպի լավը։ Իշխանափոխություն նշանակում է ուրիշ իշխանություն, իսկ ուրիշ իշխանությունն ինչ երաշխիքներ է տալիս, ակնհայտորեն պարզ է: Այդ դաշինքների անդամներից մեկը օլիգարխիկ համակարգի, հետևաբար ժողովրդի աղքատացման մեղավորն է, մյուսները խոշոր պաշտոնյաներ են, որոնք ժամանակին բավականաչափ տապալիչ գործունեություն են ունեցել իրենց պաշտոններում և նույնիսկ մեղավոր են մարտի 1-ի արյունահեղության մեջ։ Հիմա ա՞յդ է իշխանության փոփոխությունը, դա՞ է արդյոք ակնկալում Հայաստանի ժողովուրդը։

 

Ըստ էության՝ նպատակը ՀՀԿ-ի փոփոխությո՞ւնն է։

 

ՀՀԿ-ի փոփոխություն նշանակում է, որ այսպես ասած օլիգարխիկ, կոռումպացված մի թիմի անդամները փոխարինվելու են մյուս թիմի անդամներով, այսքանը։ Դա ներկլանային պայքար է, որի հետ ընդհանուր ժողովրդական միտումը բացարձակապես կապ չունի։ Ինձ թվում է, որ Հայաստանի հասարակությունն էլ շատ աղոտ է պատկերացնում, թե ինքն ինչ է ուզում Հայաստանում այս քաղաքական փոփոխությունների արդյունքում։

Շատերը նշում են, որ սա գաղափարական պայքար չէ, բայց ՀՀԿ-ից ամեն կերպ ազատվել է պետք։

Ես ծափողջյուններով ողջունում եմ ՀՀԿ-ից ազատվելու գաղափարը, բայց նաև ասում եմ, որ գալու են մարդիկ, եթե Հովիկ Աբրահամյանին էլ գումարենք, որոնք ոչ միայն սերտորեն համագործակցել են ՀՀԿ-ի հետ, ոչ միայն նրա հետ եղել են կոալիցիայի մաս, այլև զբաղեցրել են առանցքային պաշտոններ նույն այդ համակարգում, դա չի նշանակո՞ւմ նույն ՀՀԿ-ն։

 

Կարելի՞ է արձանագրել, որ իրավիճակը դուրս է գալիս Սերժ Սարգսյանի վերահսկողությունից։

 

Ես կարծում եմ, որ հնարավոր չէ վերահսկել այն իրավիճակը, որը ընդհանուր առմամբ քաղաքական իրավիճակ չէ։ Վերահսկելի է քաղաքական իրավիճակը, երբ դու գիտես, թե մարդիկ ինչ ծրագրեր ու սկզբունքներ ունեն և ինչպես են գործելու իրենց սկզբունքների համաձայն և ինչպես են վերահսկվելու հասարակության կողմից։ Եթե նախագահը որպես վերահսկողության դաշնակից չունի հասարակությանը, իհարկե, մի գեղեցիկ օր իրավիճակը դուրս է գալու քաղաքական վերահսկողությունից։ Բայց այստեղ ոչ մեկին չի կարելի մեղադրել, որովհետև տարիներ շարունակ հասարակությանը որպես գործոն դուրս են մղել քաղաքական գործընթացներից և հիմա պետք է ստանան այն, ինչը պետք է ստանան։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play