Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ-ի նախաձեռնած կլոր սեղանը<br />


Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ-ի նախաձեռնած կլոր սեղանը

  • 24-11-2009 16:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 24-ին Երեւանում անցկացվեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որպես կովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության գործոն» թեմայով կլոր սեղանը: «Մեր բարդ տարածաշրջանը գլոբալ եվրասիական տարածքի ոչ միայն աշխարհագրական, այլեւ յուրօրինակ գեոքաղաքական, տրանսպորտային, քաղաքակրթական եւ մշակութային խաչմերուկն է: Այդ պատճառով այստեղ տեղի ունեցող իրադարձությունների արձագանքը հզոր ռեզոնանս է առաջացնում նրա սահմաններից հեռու»,- իր խոսքում նշեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ կովկասյան տարածաշրջանում առկա գործընթացները բազմաթիվ սուր խնդիրներ են առաջադրում, որոնց լուծման համար պահանջվում են տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ ջանքերը: Իսկ ջանքերի միավորումը, ըստ Ա.Բաղդասարյանի, հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների փոխվստահության առկայության, այստեղ բնակվող բոլոր ժողովուրդների շահերը հաշվի առնող բաց եւ շահագրգիռ երկխոսության դեպքում միայն: Նա նշեց. «Հայաստանի Հանրապետությունը միշտ հետեւողականորեն հանդես է եկել երկարաժամկետ խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, իրավահավասար գործընկերության եւ տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցության օգտին` առանց որեւէ նախապայմանի, եւ մեր դիրքորոշումն այս հարցում մնացել է անփոփոխ»: Ըստ նրա, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը սկզբունքորեն նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Կլոր սեղանի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ակնկալվում է, որ երեւանյան կլոր սեղանին կհաջորդեն նաեւ նման միջոցառումներ կազմակերպության անդամ այլ երկրներում: «Մենք շատ կցանկանայինք իմանալ փորձագիտական խորհրդի կարծիքը ՀԱՊԿ-ի գործողության ներքո գտնվող բոլոր տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության մասին, ինչպես կառուցել հավաքական անվտանգության համակարգը եւ ինչ է պետք հաշվի առնել այն կառուցելիս»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play