Քառակողմ դավադրություն Հայաստանի և Արցախի դեմ


Քառակողմ դավադրություն Հայաստանի և Արցախի դեմ

  • 09-02-2017 16:57:26   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի   զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերիհայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

 

Պարոն Սաֆարյան, երեկ ԱԺ-ում կոշտ գնահատականներ  հնչեցին Լապշինի արտահանձնման հետ կապված, ընդհուպ մինչև ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը դադարեցնելու, դեսպանին Բելառուսից հետ կանչելու և այլն։ Սրանք ուշացա՞ծ գնահատականներ էին։

 

Լիովին ուշացած գնահատականներ էին։ Թերևս ամեն ինչ այլ  կերպ կլիներ, եթե Հայաստանն այսքան էժան վաճառած չլիներ ինքնիշխանությունը, եթե չասեմ ընդհանրապես վաճառած չլիներ ինքնիշխանությունը։ Բոլոր երկրներն էլ, այդ թվում՝ Լուկաշենկոյի նման մեկը, հետևում են, թե որքան արագ է հանձնվում Հայաստանը, որքան սահուն, հեզիկ և ճկուն քայլերով, առանց դիմադրության։ Հայաստանում ոմանք արդարացնում էին Հայաստանի որոշումները Ուկրաինայի հարցում, բայց կան պահեր, երբ կորուստն անխուսափելի է, բայց պետականության, ինքնիշխանության զգացողությունը պահում են և ապացուցում, որ այն չեն հանձնի։

Հայաստանի քաղաքական ուժերը (չնչին բացառությամբ) անտարբերությամբ ուղղակի հանձնեցին ԵԱՏՄ-ին և կառուցեցին Հայաստանի անվտանգության քաղաքականությունը բացարձակ այլ ուղղությամբ՝ չպատկերացնելով այն խաղի կանոնները, որտեղ իրենք պարտվելու են որպես թույլ, փոքր կողմ։ Փոքր երկրները միմիայն իրավունքներ ունեն այն դաշտում գործելու, որտեղ արժեքներ, իրավունքներ կան, որտեղ պարտավորություններին նվիրվածություն կա։ Բայց գնալ բախտը կապել բռնապետական Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի նման երկրների հետ, սա անթույլատրելի սխալ է Հայաստանի պատմության մեջ։

Ցավալիորեն այսօր բոլորս վայելում ենք այսպես կոչված մեծամասնության որոշման դառը պտուղները։ Հիշենք, թե ինչպես Լուկաշենկոն մտցվեց Մաքսային միություն։ Դա եղել է ակնհայտ շանտաժի արդյունքում։ Եվ Լուկաշենկոն ինքն էլ գիտի, թե Հայաստանն ինչպես է մտցվել ԵՏՄ։ Հետևաբար այս անբարո մթնոլորտում, որտեղ ծախել են երկրի ինքնիշխանությունը, միայն այն բանի համար, որ իրենց իշխանության համար վտանգ չսպառնա, որովհետև Ռուսաստանը արդեն իսկ բացահայտ հրապարակում էր կոմպրոմատներ ընդդիմադիրներին սպանելու, վերացնելու կապակցությամբ, այդ մարդը դա է տեսել և այս խաղի շրջանակներում գործում է։ Եվ ինքն էլ է զարմացել, որ մենք զայրացել ենք, որովհետև այս անբարոյական կլուբում զայրանալը ո՞րն է, եթե համընդհանուր խաղի կանոնը դա է եղել, և ինքն էլ մտավ այդ անբարոյական գործարքի մեջ։

Հայաստանը պետք է շատ ավելի վաղ նկատեր Բելառուսի կողմից սահմանազանցումները, երբ Ղազախստանի հետ միասին նրանք ուղղակիորեն արգելափակում էին ճանապարհը ԵՏՄ-ում։ Շատ ավելի լավ կլիներ, որ նրանք այնքան արգելափակեին, որ մենք այնտեղ չհայտնվեինք, սա այլ հարց է, բայց կոնկրետ Հայաստանի իշխանությունները պետք է տեսնեին, որ այս երկրները իրենց դեմ են գործում և ադրբեջանական ականջները տեսանելի էին այդ երկուսի, եթե չասեմ երրորդի՝ Ռուսաստանի վարքագծում, թե ինչպես ղարբաղյան խնդիրը դրվեց եվրասիական սեղանին:

Երեք երկրներն էլ ակնհայտորեն որպես Հայաստանի դաշնակիցներ, ուղղակի ապացուցել են, որ Ադրբեջանը ավելի մեծ ազդեցություն ունի նրանց վրա, քան Հայաստանը։ Աստանայի ծուղակն ու խայտառակությունը։ Հայաստանում ցավոք, չհասկացան, թե ուր են հայտնվում և թե ուր են տանում մի ամբողջ երկրի։ Դրան  հաջորդեց ապրիլյան պատերազմը։ Սա արդեն կարմիր գիծն էր, որը հատեց Բելառուսը։ Մենք ընդամենը բավարարվեցինք դեսպաններին դժգոհություն հայտնելով, դրան հաջորդեց Ալիևի և Բելառուսի նախագահի ստորագրած հայտարարությունը ԼՂ հետ կապված։ Այսինքն՝ Բելառուսն ամեն ինչ արել է, որ ապացուցի, որ ոչ միայն դաշնակից երկիր չէ Հայաստանի համար, այլև թշնամի պետություն է։

 

Սաֆարովի արտահանձնման ժամանակ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցում տեղի ունեցավ։ Բելառուսի դեպքում պաշտոնական գնահատականներն ինչո՞ւ են այդքան մեղմ։

Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է ցույց տալ, որ ինքը որևէ իրավական հենք չուներ միջամտելու միջադեպին, բայց ես համաձայն չեմ։ Ես չեմ ասում, որ ԱԳՆ-ն իր խողովակներով չի փորձել որևէ ձևով ազդել, բայց մի կարևոր պահ կա, որ ԱԳՆ-ն բաց է թողել։ Դա մեկ շաբաթ առաջ Լուկաշենկոյի մեծ ասուլիսն էր, որտեղ ակնհայտորեն նա հիմնավորում էր քայլը, թե ինչու է արտահանձնելու և ակնհայտորեն ստում էր։ Եվ հենց այստեղ էր, որ պաշտոնական Երևանը պետք է հրապարակեր խնդիրը, որ եթե  Հայաստանի ինտերպոլի ներկայացուցիչը հայտարարում է, որ Լապշինը միջազգային հետախուզման մեջ չի գտնվել, ԱԳՆ-ն եթե ոչ նախարարի, ապա գոնե փոխնախարարների մակարդակով պետք է հակադարձեր, որ բացի այն, որ Բելառուսը խախտում է միջազգային իրավունք, որը ավելի բարձր է՝ ի դեմս Մարդու իրավունքների կոնվենցիաների, որոնք վավերցրել են թե Ադրբեջանը, թե մյուս երկրները, այլ նաև հրապարակավ ստում է, թե ինքը ստիպված է արտահանձնել Լապշինին, որովհետև Ադրբեջանի ինտերպոլն է դիմել, և դա  է պահանջում միջազգային օրենքը։

Նման բան չկար, առավել ևս այն պարագայում, երբ տվյալ անձը միջազգային հետախուզման տակ է, դա էլ պարտադիր պայման չէ, որ այդ երկիրը արտահանձնի նրան։ Ադրբեջանի դատախազությունը լագագույնը հիմնավորել է, որ Լապշինի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում միայն այն բանի համար, որ նա Ադրբեջանի իշխանությունների համար անհաճո գրառումներ է կատարել այդ երկրում իշխանության բարքերի և այլնի վերաբերյալ, որոնք տեսել է։ Հետևաբար որևէ նորմալ երկիր, եթե անգամ ստանար նման միջնորդություն և հետախուզման դներ որևէ անհատի, միևնույն է, առաջինը այդ երկիրը արտահանձնելու ժամանակ դիտարկում է՝ արդյոք այդ մարդու կյանքին վտանգ սպառնո՞ւմ է տվյալ երկրում: Եվ քանի որ դրդապատճառներն ակնհայտորեն քաղաքական են և կապված են ԼՂՀ այցելության, ինչպես նաև հրապարակավ հայտնած կարծիքների հետ, միանգամայն տեղ կար զուտ մարդու իրավունքների տեսանկյունից միջազգային միջնորդություն ցուցաբերելու հարցում, անկախ նրանից՝ Լապշինը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի, թե ոչ: Հատկապես այն դեպքում, երբ Բելառուսի նախագահը բացահայտ ստախոսությամբ էր զբաղված՝ նշելով, որ այդպիսի հետախուզում եղել է: Հետևաբար, Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակավ միջամտության շանս էր ստացել, որը նրան տվել էր հենց Լուկաշենկոն: Եվ սա պետք է գիտակցվեր, որ Լուկաշենկոն լեգիտիմացնում էր այն, ինչ պետք է աներ մի քանի օր հետո: Եվ հենց այդ ժամանակ Բելառուսի նախագահի համար արգելքներ պետք է ստեղծվեին միջազգային արձագանքի տեսքով: Ինչ վատ բան կար նրանում, որ Հայաստանը խոսեր թեկուզ ոչ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության մասին:

 

Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա ուղղված էր առաջին հերթին Ռուսաստանի դեմ: Համամի՞տ եք:

 

Այստեղ մի փոքր մանիպուլյացիա կա: Ես հասկանում եմ, որ որոշ գործընկերներ փորձում են նաև Ռուսաստանին ներքաշել, բայց Լուկաշենկոն մի հրաշալի բացահայտում է արել, որ Ռուսաստանը և Իսրայելը ցանկություն չեն ցուցաբերում պայմանավորվածության գալու հարցում: Ի վերջո, հիշենք, որ դեռևս տարեսկզբին, երբ Լապշինի գործը սկսում էր հնչեղություն ձեռք բերել, նրա անձնական բլոգում, որը վարում էր ընկերուհին, քանիցս բացահայտ տարակուսանք և մեղադրանք արտահայտվեց, որ Լապշինը, հանդիսանալով երկու երկրների քաղաքացի, այդ երկրների հյուպատոսական բաժանմունքները ցանկություն չեն հայտնել տեսակցել և լսել Լապշինին: Ընդ որում՝ Լապշինը նամակներ էր ուղարկել երկու երկրների  հյուպատոսություններ, սակայն նամակները տեղ չեն հասել: Հասկանում ենք, որ դա դիկտատորական Բելառուսն է, բայց եթե մամուլում Լապշինի անձնական բլոգում նրա ընկերուհին նման հայտարարություններ է անում, որը տեղ է գտնում ռուսալեզու կայքերում, մի՞թե դա բավարար չէր, որ Ռուսաստանը հասկանար, որ իր քաղաքացին գտնվում է Եվրոպայի վերջին փոքրիկ բռնապետի թակարդում և միջամտեր: Այո, Բելառուսը փորձում է շանտաժ անել Ռուսաստանին, որ եթե չմարի իր պարտքը, որ եթե նոր արտոնություններ չտրվեն, ինքը Մաքսայինի նիստը չի վավերացնի, կթեքվի դեպի արևմուտք, կսկսի համագործակցել Ռուսաստանի հակառակորդների հետ, բայց ես այդքան էլ հակված չեմ, որ այս խաղում Ռուսաստանն առանձնապես դեմ էր Լապշինի արտահանձնմանը: Սա մի խնդիր էր, որտեղ նա նույն կերպ վարվեց, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այսինքն՝ աչք փակեց, և հյուպատոսության հետ կապված դրվագը դրա վկայությունն է: Սա մի գործարք էր, որը ուներ մի քանի կողմ. Հիշենք, որ Բելառուսի նախագահը Ադրբեջանում մեդալ ստացավ Ալիևից և խոստացավ արդարացնել այն:

 

Իսրայելը նույնպես այս գործարքի կողմ էր: Մի կողմից նա չէր ցանկանա, որ աշխարհում տպավորություն ստեղծվեր, թե ինքն անտարբեր է իր քաղաքացու նկատմամբ, բայց մյուս կողմից ադրբեջանա-իսրայելական նոր համագործակցություն կա: Եվ Իսրայելը կարող է այլ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ եթե Լապշինը ներողություն խնդրի Ադրբեջանում, որ զղջում է Արցախ կատարած այցի համար, որ գիտակցում է՝ դրանով խախտել է Ադրբեջանի օրենքը, ապա կարտահանձնվի Իսրայելին: Սա քառակողմ դավադրություն էր Հայաստանի և Արցախի դեմ: Եվ երբ ասում են, թե Լապշինը ՀՀ քաղաքացի չէ, և Հայաստանը չէր կարող մասնակցել, բացարձակապես չեմ համաձայնելու: Կներեք, բայց Հյուսիսային Կարեայի միջուկային փորձարկումն էլ չի վերաբերում Հայաստանին, բայց Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է անում:

Հայաստանի իշխանությունները պետք է հասկանային, որ սա պայքարի նոր հարթություն է, որը մղում է Ադրբեջանը, որպեսզի ուժ հաղորդի իր սև ցուցակին: Ցավոք սրտի, Ադրբեջանի համար առաջին էտապը հաջողված է, որովհետև այն ցուցակը, որը մեկ ամիս առաջ ծիծաղելի էր, այժմ արդեն ծիծաղելի չէ:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play