Նախարարն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ


Նախարարն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

  • 09-02-2017 16:56:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ ավարտվում են «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շինարարական աշխատանքները: Նախարարը շրջեց ձեռնարկության տարածքում և ծանոթացավ կատարված աշխատանքներին ու նախատեսվող ծրագրերին:
 
«Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի գործարկման նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում:
 
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲ ընկերության տնօրեն Արսեն Թառոյանի ներկայացմամբ` «Հայ Տեք» կենտրոնը գործունեություն է ծավալելու չորս հիմնական ուղղություններով՝ ուսումնական և որակավորման, լուծումների մշակման, կիբերանվտանգության և ինկուբացիոն դեպարտամենտներով:
 
Կիբերանվտանգության դեպարտամենտը դառնալու է հարթակ կիբերանվտանգության խնդիրները բացահայտելու և լուծումներ մշակելու, ինչպես նաև մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու համար: Կենտրոնում գործելու են նաև «Մայքրոսոֆթ»-ի և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գրասենյակները:
 
Կենտրոնի հենքի վրա հիմնվելու է ռազմական ինկուբատոր, որտեղ իրենց գործունեությունը կծավալեն մասնավոր ընկերություններ: Նրանք կներգրավվեն պաշտպանական ոլորտի խնդիրներ լուծելու գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կկիրառեն քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։
 
Այնուհետև նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Կարեն Վարդանյանին: Քննարկվեցին ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընկերությունների առաջխաղացման ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ