ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Նիդերլանդների ավագ փորձագետների ընկերության (PUM) հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Նիդերլանդների ավագ փորձագետների ընկերության (PUM) հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

  • 09-02-2017 19:54:10   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «PUM»  Նիդերլանդների ավագ փորձագետների հիմնադրամի Հայաստանի համակարգող Ալբերտ Ուեսթերինգսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
 
Նիդերլանդների կառավարության կողﬕց ֆինանսավորվող այս կազմակերպությունը կոչված է նպաստել ձեռնարկատիրության և աշխատատեղերի ստեղծման միջոցով փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացմանը, աջակցել գործարարությանը զարգացող երկրներում և շուկաներում: PUM-ն աջակցում է ձեռներեցներին տեխնիկական միջոցներով, իրականացնում է կարճաժամկետ խորհրդատվական առաքելություններ ավագ գործարարների ու վերլուծաբանների, կամավորների կողմից` ապահովելով գործնական գիտելիքներով և փորձառությամբ: 
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և հուսով ենք, որ հայ մասնագետների վերապատրաստման հարցում ձեր կազմակերպությունը կարող է մեզ մեծ օժանդակություն ցուցաբերել», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: 
Իր հերթին Ալբերտ Ուեսթերինգսը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է «PUM» հիմնադրամի ուշադրության կենտրոնում և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում խորհրդակցությունների և սեմինարների կազմակերպման ուղղությամբ: 
Նկատի ունենալով Նիդերլանդների Թագավորության հաջող փորձն ագրարային բնագավառի տարբեր ճյուղերում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել հոլանդացի փորձագետների ներգրավմամբ մեղվաբուծության ոլորտում համագործակցության հնարավորությունը` հետագայում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու հեռանկարով: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, մարքեթինգի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր:   
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play