Այնպես եք ասում լքել, կարծես թե հայրենիք ենք լքել...


Այնպես եք ասում լքել, կարծես թե հայրենիք ենք լքել...

  • 10-02-2017 18:22:35   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Փետրվարի 11-ին ԳՄ նիստից հետո ՀՀԿ-ն կհրապարակի համամասնական և տարածքային ցուցակները։ Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի Արագածոտնի մարզից՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։

 

Չե՞ք ափսոսում, որ լքել եք ԲՀԿ-ն՝ հաշվի առնելով, որ Ծառուկյանը վերադարձավ։

 

Գիտեք՝ ուղղակի ապշում եմ, այնպես եք ասում լքել, կարծես թե հայրենիք ենք լքել, ընդամենը սա կուսակցական քաղաքական դիրքորոշում է։ Համաձայն չլինելով ԲՀԿ-ի՝ քաղաքական վեկտորի փոփոխմանը, ես ունեմ իմ պատկերացումները ներքաղաքական կյանքում և իմ մոտեցումները պետականաշինության շուրջ, դրա համար փոխեցի իմ նախկին որոշումը։

 

Իսկ ի՞նչ գաղափարական հենք ունի ԲՀԿ-ն, որ վեկտորի փոփոխությունը պատճառ հանդիսացավ Ձեր՝ կուսակցությունը լքելու։

 

Գնում էինք իշխանափոխության, իսկ ես դրան միանշանակ դեմ եմ ցանկացած դեպքում։

 

Իշխանափոխության մասին այսօր էլ Ծառուկյանը չի խոսում, ասում է, որ արյունահեղություն չի ուզում...

 

Չի կարելի գնալ-գալ։ Մի անգամ արեցինք, չհամաձայնվեցինք։ Համենայն դեպս, ես հակված չէի հետ գնալու՝ չնայած ի տարբերություն շատ-շատերի՝ ունեմ շատ լավ հարաբերություններ, հարգանքով եմ մոտենում բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր պարոն Ծառուկյանի շուրջ նորից հավաքվում են, որովհետև, կրկնում եմ, պարոն Ծառուկյանը մեր հասարակությանը պիտանի մարդ է, իր կերպարը ընդունելի է մեր ժողովրդի կողմից և իր շուրջ հավաքվելն էլ ամոթ չեմ համարում։ Բայց ես այլ նպատակներ ունեմ՝ կապված իմ հասարակական գործունեության հետ։ Եթե մնամ քաղաքականության մեջ, ապա միայն պիտանի եմ լինելու արտաքին քաղաքականության մեջ հատկապես այն երկրների հետ, որոնց հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, եւ ավելի նպատակահարմար կլինի աշխատել իշխող կուսակցության հետ։

 

Ծառուկյան դաշինքը, ըստ շրջանառվող լուրերի, լինելու է իշխանության գծած սցենարի շրջանակում, և չի  կրկնվի այն, ինչ երկու տարի առաջ։ Էլի՞ չեք ափսոսա։

 

Ես էստեղ ինձ ավելի լավ, ավելի կոմֆորտ եմ զգում։

 

Բայց չէ՞ որ ՀՀԿ-ի նկատմամբ կա տոտալ անվստահություն։

 

Նայած ում վիճակագրությունն է։ Դա լինի շրջապատ, քաղաքականություն, թե հասարակական գործունեություն, թե գործարար աշխարհ, միշտ առջևից գնացողը խոցելի է։ Միշտ չէ, որ քննադատությունները նպատակակետին են կպնում, բայց այնպես չէ, որ հետևից գնացողը այլ կերպ կաներ կամ սխալներ թույլ չէր տա։ Իմացեք, իշխանության մեջ լինելը հեշտ բան չէ։ Դա նշանակում է մի մեծ պատասխանատվություն վերցնել ինքդ քեզ վրա։ Միշտ կա այն դիտարկումը, որ մենք լավն ենք, դուք վատն եք։ Սա միշտ կա, այնպես որ, այդ առումով եթե գնամ, դրան գնալու եմ գիտակցելով։

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play