Գյումրիում մեկնարկել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը


Գյումրիում մեկնարկել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը

  • 11-02-2017 17:46:57   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Ucom ընկերության աջակցությամբ: 
 
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ողջունել է մրցույթի մասնակիցներին և նշել. «Տեխնոլոգիական   կրթության զարգացումը միության ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք մշտապես իրականացնում ենք կրթական ծրագրեր և խրախուսական մրցույթներ  ու հատկապես կարևորում ենք մարզային հավասարաչափ բաշխվածությունը: Պատահական չէ, որ մրցույթն անցկացվում է Գյումրիում, իսկ մասնակիցները ներկայացնում են բոլոր մարզերի և Արցախի դպրոցները:
Արդեն 3-րդ անգամ անցկացվող ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների մոտ: Այս տարի մրցույթին դիմել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 360 դպրոցականներ, որոնցից  տարբեր դպրոցների 40 լավագույնները մասնագիտական ժյուրիի անդամներին կներկայացնեն իրենց ստեղծած խաղերը: Ժյուրիի կազմում ընդգրված են Ինստիգեյթ, Ֆայմտեք, Լևիաթան և այլ առաջատար ՏՏ ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին: ԴիջիԿոդը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով: 
Մրցույթի ծրագրավորման լեզուն  Scratch-ն է: Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է: Աշխատելով այս միջավայրում՝ դպրոցականները ցանցի միջոցով կապեր են հաստատում նաև արտասահմանյան այլ դպրոցների աշակերտների հետ, քննարկում իրենց ստեղծած խաղերի ուժեղ և թույլ կողմերը, օգնում և գնահատում միմյանց:
Դպրոցականները մրցում են մինչև 13 տարեկան և 13 տարկենանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ», «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» «Լավագույն դիզայն» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերի համար:
Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել է նաև «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողները կորոշվեն ՀՀ բոլոր մարզերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների քվեարկությամբ: Արմաթականները արդեն ծանոթացել են MIT կայքում տեղադրված խաղերին և իրենց գնահատականները կհնչեցնեն վիդեոհաղորդագրությունների տեսքով:
ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից կարժանանան դրամական պարգևների, կստանան բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:
ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկեր՝ Huawei ընկերություն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ