Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է.Զարուհի Փոստանջյան


Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է.Զարուհի Փոստանջյան

  • 21-02-2017 17:16:31   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ փետրվարի 21-⁠ին, շրջանառության մեջ է դրվել «1921 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ ՉՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության 
օրենքի նախագիծը:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
 
1921 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ ՉՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև կնքված «Բարեկամության ու եղբայրության մասին» պայմանագրի` Հայկական պետականությանը վերաբերող ապօրինի հոդվածները:
 
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված «Բարեկամության մասին» պայմանագրի (Հայկական ՍԽՀ, Վրացական ՍԽՀ, Ադրբեջանական ՍԽՀ` մի կողմից, և Թուրքիայի միջև` մյուս կողմից, ՌՍԴԽՀ մասնակցությամբ)` հայրենի բնօրրանի բռնազավթումը վավերացնող հոդվածները:
 
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1922 թվականի մարտի 16-ին քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի և 1922 թվականի մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից Կարսի պայմանագրի վավերացումները:
 
Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնազավթված հայրենի բնօրրանում Հայկական պետականության վերականգնման իրավունքը:
 
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունը հայրենի բնօրրանի տարածքներին վերաբերող միջազգային օրինական պայմանագրերից ճանաչում է Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանի վերաբերյալ դրույթները, վավերական է համարում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը և միջոցներ է ձեռնարկում կենսակոչելու ուղղությամբ:
 
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային արագընթաց զարգացումները, Մերձավոր Արևելքում նոր պետությունների առաջացման և առկա սահմանների հնարավոր փոփոխությունները և 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմական գործողությունների սկսումը ակնհայտ դարձրեցին շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ամփոփված Հայկական պետականությանը սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերները: 
 
Մարտահրավերներին դիմակայելու և Հայկական միասնական ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգ ստեղծելու և սպասարկելու կարևորագույն բաղադրիչը հայ ժողովրդի պատմական ու քաղաքական իրավունքների հռչակումն է իրեն պատկանող և ներկայում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից բռնազավթման մեջ պահվող հայկական տարածքների վերաբերյալ: 
 
Քաղաքական համահայկական օրակարգի ձևակերպման և կենսագործման համար կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման և չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:
 
Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Պայմանագիրը ստորագրող կողմերը` Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետությունը (ՌՍԴԽՀ) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգայնորեն ճանաչված պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ չէին, երկու կողմերի պատվիրակությունները չէին ներկայացնում իրենց երկրների օրինական իշխանությունները, հետևաբար` նրանց միջև ստորագրված և կնքված փաստաթուղթը միջազգային պայմանագրի իրավասություն չունի և անօրինական է (Պայմանագրային իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 2, (1) (ա)): 
 
Մոսկվայի այմանագրով երկու կողմերը որոշել են պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի` Հայաստանի տարածքներին վերաբերող հարցեր, մինչդեռ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություններ կամ իրավունքներ չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար` առանց նրա համաձայնության (Պայմանագրային իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 34): 
 
Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին (Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդված):
 
Մոսկվայի պայմանագրով երկու կողմերը պարտավորեցրին հայկական կողմին հետագայում` 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրելու Կարսի պայմանագիրը, որը հիմնականում կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները:
 
Մոսկվայի և Կարսի պայմանագրերն իրենց էությամբ անօրինական փաստաթուղթ են և չեն ճանաչվում Հայաստանի Հանրապետության կողմից` ի տարբերություն Սևրի հաշտության պայմանագրի, որի կնքմանը մասնակցել են Թուրքիայի և Հայաստանի օրինական իշխանությունները, և որը հաստատվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով:
 
«Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսը: 1921թ. մարտի 16-ի պայմանագիրը 
 
Առաջին հոդվածով կողմերը հրաժարվում էին ճանաչել այն միջազգային պայմանագրերը, որոնք անընդունելի կլինեին կողմերից յուրաքանչյուրի համար: Այդտեղ պետք է հասկանալ նաև Սևրի 1920թ. օգոստոսի 10-ի պայմանագիրը, որից Թուրքիան ձգտում էր ազատվել համառորեն: Ռուսաստանը, փաստորեն, ընդունում էր թուրքական Ազգային ուխտը` Թ ու ր ք ի ա հասկացության (սահմանների) մասին… : 
 
Երրորդ հոդվածով Նախիջևանի մարզը` Շարուր-Դարալագյազի գավառի մի մասով, Թուրքիան, որին անցել էր մարզը Ալեքսանդրապոլի պայմանագրով, վերահանձնում է Ադրբեջանին` որպես ինքնավար տարածք, բայց պայմանով, որ այն չի կարող տրվել երրորդ պետության, որպիսին հասկացվում է Հայաստանը… :
 
Կողմերը փոխադարձաբար ուժը կորցրած էին հայտարարում այն բոլոր պայմանագրերը, որոնք փոխադարձաբար չէին համապատասխանում միմյանց շահերին… (հոդված վեցերորդ) :
 
Կողմերը պարտավորվում էին իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների ու խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք կարող էին կառավարության դեր հավակնել մյուս կողմի (ամբողջի կամ մասի) սահմաններում: Դա կանխարգելում էր, օրինակ, հայկական որևէ կազմակերպության կողմից Արևմտյան Հայաստանում նման որևէ քայլ ձեռնարկելը… (հոդված ութերորդ) :
 
Պայմանագրի 15-րդ հոդվածով Ռուսաստանը պարտավորվում էր Անդրկովկասի հանրապետությունների նկատմամբ դիմել այնպիսի քայլերի, որպեսզի նրանք ճանաչեն Մոսկվայի պայմանագրի իրենց վերաբերող հոդվածները: Դա իրականացվելու էր հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերի միջոցով… :
 
Քեմալական Թուրքիայի հետ Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն լավ հարաբերություններ էր հաստատել, այլև փաստորեն ռազմաքաղաքական դաշինքի մեջ էր գտնվում: Դա արտահայտվում էր նաև Թուրքիային զենք ու ոսկի (ֆինանսական միջոցներ) տրամադրելով: Ընդ որում` թուրքերը պահանջում էին այդ օգնության պարտավորությունը ձևակերպել նաև գրավոր, մտցնել առաջիկա պայմանագրում և այն կոչել դաշնակցային պայմանագիր… :
Կոնֆերանսի նախապատրաստության ընթացքում իր տեսակետն արտահայտեց նաև Խորհրդային Հայաստանը մասնավորապես 1921թ. հունվարի 8-ին քեմալական Թուրքիային ներկայացրած նոտայում: Մերժվում էին Թուրքիայի բռնազավթած տարածքների հանրաքվեի արդյունքներն ու օրինականությունը, հանրաքվե, որն անց էր կացվել զինագրավման և հայ բնակչությանը արտագաղթի ենթարկելու ու նրա հայրենիքը թուրքերով ու քրդերով բնակեցնելու պայմաններում :
Կոնֆերանսի նախապատրաստության ընթացքը դրական արդյունքներ չէր խոստանում հայ ժողովրդին… Եվ չնայած կողմերի միջև դեռևս բավարար փոխհամաձայնություններ չէին կայացել, այնուամենայնիվ, 1921թ. փետրվարի 26-ին սկսվեց ռուս-թուրքական կոնֆերանսը և որոշ ընդհատումով տևեց մինչև մարտի 16-ը… :
Քաղաքական հանձնաժողովի առաջին նիստը, որ կայացավ մարտի 10-ին, բացվեց սահմանների մասին հարցով: Ռուսական պատվիրակությունը հայտարարեց, որ իրենք ճանաչում են Թուրքիայի ազգային ժողովի ընդունած Ազգային ուխտը, ըստ որի` Թուրքիա էր հռչակվել թուրքերով բնակեցված երկիրը, որ նշանակում էր, թե Թուրքիա է նաև Արևմտյան Հայաստանը, որը հայոց ցեղասպանությունից հետո հայազրկվել էր և բնակեցվել թուրքերով ու քրդերով… Այսպիսով` Թուրքիայի կողմում էին թողնվում Կարսի մարզը և Սուրմալուն, որոնց վերաբերյալ բանավեճ ու քննարկում տեղի չեն ունենում, կարծես կողմերը բանակցությունների էին եկել հենց այդպիսի որոշումով, այսինքն` հարցը լուծված է եղել բանակցություններից դուրս: Ուստի թուրքական պատվիրակությունն անմիջապես հայտարարում է, թե «ինքն ընդունում է այդ սահմանը…» :
Նախիջևանի հարցում թուրքական պատվիրակությունը կարծիք է հայտնում, թե քանի որ բնակչությունն է կանչել թուրքական զորքերին, ուստի այդ փաստի ուժով Նախիջևանը գտնվում է թուրքական հովանավորության ներքո: Չնայած դրան` ինքը համաձայն է այդ հովանավորությունը զիջել Ադրբեջանին, բայց պայմանով` այն չվերազիջվի երրորդ պետության :
Քաղաքական հանձնաժողովի մարտի 14-ի հերթական նիստում նախորդ արձանագրության շտկումներից հետո քննարկվում է պայմանագիրը հոդված առ հոդված: Կողմերը ներկայացնում են պայմանագրի իրենց տարբերակները: Ռուս-թուրքական կոնֆերանսի վերջին նիստը կայացավ մարտի 16-ին :
Ռուս-թուրքական պայմանագիրը, ըստ պայմանագրի նախաբանի, կոչվում է բարեկամության ու եղբայրության` հակառակ այն որպես «դաշինք» դիտելու Թուրքիայի հետևողական պահանջի: Դրա մերժումը ռուսական կողմը բացատրում էր Անգլիայի հետ իր հարաբերությունները բարելավելու, թշնամություն ցույց չտալու անհրաժեշտությամբ: Պայմանագիրն ունի 16 հոդված` երեք հավելվածներով` նվիրված սահմանների մանրամասն նկարագրությանը… :
Մոսկվայի պայմանագիրը թուրքական դիվանագիտության հաղթանակն էր…: Իր քաղաքական նպատակների և համաշխարհային հեղափոխության անհեռանկար հույսերի համար Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը զոհաբերեց Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, հայկական տարածքները նվիրաբերվեցին Թուրքիային…:
Քեմալական Թուրքիան Հայկական հարցը դարձրեց առևտրի (աճուրդի) առարկա Անտանտի ու Ռուսաստանի միջև և հասավ նրան, որ մեծապես շահեց երկուսից էլ: Մոսկվայում յուրացրեց հայկական հսկայական տարածքներ: Մոսկվայի կոնֆերանսի հետ միաժամանակ Լոնդոնում կայացած կոնֆերանսում (1921թ. փետրվարի 21-ից մարտի 14-ը)` մի կողմից` Անտանտի երկրների, և մյուս կողմից` պարտված Գերմանիայի ու Թուրքիայի միջև, թուրքական միացյալ պատվիրակությանը հաջողվեց մերժել տալ հայկական երկու պատվիրակությունների  (Ա. Ահարոնյան և Պողոս Նուբար) առաջարկությունները Արևմտյան Հայաստանի մասին Սևրի պայմանագրի հոդվածները կենսագործելու և հայկական Կիլիկիայում Ֆրանսիայի հովանավորությամբ «վարչական ինքնավարություն» կազմավորելու վերաբերյալ… Իսկ Սևրի պայմանագիրը (հայկական հոդվածները) նենգափոխվեց Թուրքիայի արևելյան նահանգներում հայկական ազգային օջախի առաջարկությամբ, որը հետագայում նույնպես մերժվեց:
Միջազգային իրավունքի կոպիտ խախտում պետք է համարել միջազգայնորեն չճանաչված երկու պետությունների (Ռուսաստան և Թուրքիա) կողմից երրորդ պետության (Հայաստան) կենսականորեն կարևոր հարցերի լուծումը` առանց նրա մասնակցության, հակառակ նրա ժողովրդի կամքի… :
Մոսկվայի պայմանագիրը դժբախտություն էր հայ ժողովրդի համար: Այն հանգուցալուծումն էր 1920թ. սկիզբ առած բոլշևիկ-քեմալական համագործակցության… Մոսկվայի պայմանագիրը նպաստեց քեմալական Թուրքիայի ինքնահաստատմանը, միջազգային ասպարեզում նրա դերի ուժեղացմանը: Նշելով Հունաստանի նկատմամբ արևմուտքում տարած հաղթանակների մասին` Մուստաֆա Քեմալը շեշտում է, որ դա հնարավոր դարձավ, որովհետև «թիկունքում` հյուսիսում և արևելքում, հանգստությունը լիովին ապահովված էր Խորհրդային Ռուսաստանի հետ բարեկամությամբ և նրա առատաձեռն օգնությամբ»: Պատմական տվյալ ժամանակաշրջանում ազգայնական Թուրքիան պետք եկավ Խորհրդային Ռուսաստանին, ուստի առաջինը լավագույնս օգտագործեց այդ հանգամանքը` իր օգտին զիջումներ գրանցելու համար: Զիջումներն արվեցին մի պետության, որն իրավահաջորդն էր ցեղասպան Օսմանյան կայսրության, իսկ նա ոչ միայն չխոստովանեց տեղի ունեցած ոճրագործությունը, այլև շարունակեց նույն քաղաքականությունը: Իսկ նրա հետ դաշնակցած Խորհրդային Ռուսաստանը, աչք փակելով այդ ամենի առաջ, փաստորեն ստանձնեց հովանավորի դեր և ստորագրած պայմանագրով հարկադրեց Խորհրդային Հայաստանին ընդունել սեփական կորուստները, դրանց մասին որոշումները:
Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և դրանով իսկ ենթակա է վերանայման: Նույնը վերաբերում է Կարսի պայմանագրին, որը կնքվելու էր առաջիկայում :  
 
 
Կարսի կոնֆերանսը: 1921թ. հոկտեմբերի 13-ի պայմանագիրը 
 
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը (հոդված 15-րդ) Ռուսաստանին պարտավորեցնում էր Անդրկովկասի հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի նրանք ընդունեն տվյալ պայմանագրի` իրենց վերաբերող հոդվածները: Դա տեղի ունեցավ Կարսի կոնֆերանսում :
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետություններ – Թուրքիա կոնֆերանսը, Ռուսաստանի մասնակցությամբ, կայացավ Կարսում 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը : 
Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց այսպես կոչված բարեկամության մասին պայմանագիրը Հայկական ՍԽՀ, Ադրբեջանական ՍԽՀ ու Վրացական ՍԽՀ` մի կողմից, և Թուրքիայի միջև` մյուս կողմից, ՌՍԴԽՀ մասնակցությամբ: Այն, ըստ էության, վերարտադրում էր մարտի 16-ի պայմանագրի որոշումները, ինչպես և սպասվում էր ու կանխորոշված էր: Հայկական շահերի համար ծավալված պայքարն ուներ միայն ցուցադրական նշանակություն: Հայ ժողովրդի շահերը զոհաբերվել էին Մոսկվայում, իսկ Կարսում այդ որոշումների տակ դրվելու էր նաև ՀՍԽՀ ներկայացուցչի ստորագրությունը: Միասնական պայմանագիր ստորագրելով Անդրկովկասի հանրապետությունների հետ` քեմալականները պնդեցին, որ պայմանագրի վավերացումը կատարվի յուրաքանչյուր հանրապետության կողմից առանձին… :
Կարսի պայմանագրի վավերացումը տեղի ունեցավ 1922թ. մարտին: Խորհրդային Հայաստանի կառավարությունը Կարսի պայմանագիրը վավերացրեց մարտի 20-ին, իսկ քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի փոխադարձ պայմանավորվածությամբ` վերջիններս Կարսի պայմանագիրը վավերացրին միաժամանակ` մարտի 16-ին` Մոսկվայի ռուս-թուրքական թալանչիական պայմանագրի տարեդարձի օրը: Վավերագրերի փոխանակումը կայացավ Թիֆլիսում:
Մուստաֆա Քեմալ փաշան 1922թ. մարտի 1-ին Ազգային մեծ ժողովում արտասանած ճառում բարձր գնահատական տվեց ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կարսի պայմանագրերին` որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության նպաստավոր արդյունքներ: Կարսի պայմանագրով, հայտարարել է Մ. Քեմալը, «Արևելքում մեր գրաված փաստական դիրքը ստացավ իրավաբանական ձև: Սույն պայմանագիրը Սևրի պայմանագրի անընդունելի լինելը ապացուցող գործոններից մեկն է: Այսպես կոչված «հայկական հարցը», որը ցանկանում են լուծել ավելի շուտ կապիտալիստական աշխարհի տնտեսական շահերով, գտավ իր ամենաճիշտ լուծումը Կարսի պայմանագրում»:
Կարսի կոնֆերանսը Հայաստանի համար որևէ հարց չէր լուծելու: Այն կրկնեց Մոսկվայի մարտի 16-ի որոշումները` միայն Հայաստանի ներկայացուցչի ստորագրությամբ :
Դաշինքի մեջ մտած քեմալական Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը, փաստորեն, բաժանեցին Հայաստանը, դիվանագիտորեն ձևակերպեցին իրենց որոշումները` առանց և ընդդեմ երրորդ պետության` Խորհրդային Հայաստանի, ինչը միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտում ու ոտնահարում էր: Խորհրդային Ռուսաստանը հայ ժողովրդի շահերը զոհաբերեց հանուն իր արևելյան քաղաքականության ու համաշխարհային հեղափոխության: Հայ ժողովրդի ու Հայաստանի վզին փաթաթված այդ որոշումների վերանայումը մնում է որպես հայ ժողովրդի արդարացի պահանջ»: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play