Տուգանքները չվճարելու հետևանքով առաջացող տույժերը չեղարկելու մասին կառավարության որոշումը նախընտրական շոուի մաս է. ավտովարորդներ (տեսանյութ)


Տուգանքները չվճարելու հետևանքով առաջացող տույժերը չեղարկելու մասին կառավարության որոշումը նախընտրական շոուի մաս է. ավտովարորդներ (տեսանյութ)

  • 25-02-2017 15:40:09   | Հայաստան  |  Հասարակություն



Տուգանքների վճարման համակարգում նոր փոփոխությունների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումն աղավաղում է մեր նամակի բովանդակությունը. Այն ընդամենը նախընտրական շոուի մի մաս է: Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մի շարք ավտովարորդներ: 
 
Ըստ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի՝ պատկան մարմինները վարչական տուգանքները չվճարելու հետևանքով առաջացող տույժերը հանելու որոշում կայացրել են, քանի որ տեղյակ են, որ ծանուցման գործընթացը թերի է կատարվել:
Տ. Հովհաննիսյանի փոխանցմամբ՝  իրենց պահանջները նույնն են մնում. Այն է` 50 տոկոսով նվազեցնել բոլոր տուգանքների չափերը, ուղևորափոխադրող վարորդների տույժերի հետ չեղյալ համարել նաև մայր գումարները, քաղաքացիների տուգանքների համար սահմանել 20 տոկոս վճար, ինչպես նաև հանել պետական տուրքը:  
«Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ անդամ Մխիթար Օհանյանի փոխանցմամբ` իրենք բազմիցս նամակներով դիմել են թե նախկին, թե ներկա վարչապետին` խնդրելով, որ համաներում տրվի բոլոր ակտերին. «Չգիտես ինչու, մեզ անտեսելով, այսինքն` խնդրի մասին բարձրաձայնողին անտեսելով, կանչում են ուրիշ կազմակերպությունների ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկում մեզ հուզող հարցերը»,- ասաց նա: 
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» անդամ Արտյոմ Սարգսյանի գնահատմամբ` ՀՀ կառավարության տույժ-տուգանքների չեղարկման մասին որոշումն ապագայի համար ողջունելի է: 
«Եթե վարորդն ունի 5000 դրամի չափով տուգանք, ապա անկախ ժամկետից այն չվճարելու համար տույժի չի ենթարկվելու, այստեղ հարցն անցյալի մասին է, որ նույն վարորդն անցյալում ունի տուգանքներ, որոնք չվճարելու պատճառով մայր գումարը կրկնապատկվել կամ եռապատկվել է»,- նշեց նա:   
Բանախոսների փոխանցմամբ` նախընտրական քարոզարշավների ժամանակ իրենք պատրաստվում են ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնել և ներկայացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` զուգահեռաբար անցկացնելով ավելի խիստ բողոքի ակցիաներ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play