Կմշակվեն պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար


Կմշակվեն պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար

  • 02-03-2017 14:08:25   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետը հանդես եկավ հանձնարարականներով: Կարեն Կարապետյանն անդրադառնալով բնապահպանական վճարներին` ընդգծեց, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույն է բոլոր աղտոտողների համար:
 
Ըստ նրա`  փոքր ծավալի աղտոտողները, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, զգալի ժամանակ և ռեսուրս են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները` վերջիններիս հսկողության, տեղեկատվական հավաքագրման, ամփոփագրման և վերլուծման համար:
«Այդ իսկ նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգ ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի` ընդհանրացված և տիպային վճարների ներդրման հնարավորություններ»,- ասաց նա: 
Գործադիրի ղեկավարի վերջին հանձնարարականը ևս ուղղվեց Արծվիկ Մինասյանին. այն վերաբերում էր բնապահպանական վճարներից համայնքներին մաս հանելուն: 
Նրա փոխանցմամբ` ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով` բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում այն համայնքներին, որոնց տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն, մինչդեռ բնապահպանական վճարների բաշխման համակարգը համայքների միջև թերի է կանոնակարգված:
«ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգը, որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին ու նպատակ կունենա հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունները»,- եզրափակեց նա: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play