Մինչև տարեվերջ կգործարկվի ԱՊՀ երկրների միջև փոստային փոխանցումների նոր համակարգ` PosTransfer


Մինչև տարեվերջ կգործարկվի ԱՊՀ երկրների միջև փոստային փոխանցումների նոր համակարգ` PosTransfer

  • 07-03-2017 17:46:28   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Հայփոստ ՓԲԸ-ն հայտնում է Համաշխարհային փոստային միության ներքո փոստային դրամական փոխանցումների նոր համակարգի՝ PosTransfer նախագծի ստեղծման մասին:  Նախագծի առաջին փուլը կգործարկվի Հայաստանում, Բելոռուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում և Ուկրաինայում: Նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2017թ. տարեվերջին: 
 
Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում: Հայփոստում նշում են, որ արդեն իսկ ստեղծված է միասնական պլատֆորմ, մշակված է ծառայության ֆիրմային ոճն ու լոգոն: PosTransfer փոստային դրամական փոխանցումների համակարգը ենթադրում է փոխանցումների ընդունում և վճարում փոստային օպերատորների մասնաճյուղային ցանցի միջոցով՝ կիրառելով հեռահաղորդակցման միջոցներ, այդ թվում բջջային հավելված: Փոխանցումները հասանելի կլինեն անմիջապես ուղարկելուց հետո, առցանց ռեժիմով՝ բոլոր անդամ երկրների համար միասնական օպերացիոն և տեխնոլոգիական ստանդարտներով: 
Սպասվում է, որ Համաշխարհային Փոստային Միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում: 
Համաշխարհային Փոստային Միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ մենեջմենթ» ԲՎ
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play