Բացվել է Արևային Էներգիայի Իրազեկման կենտրոնը


Բացվել է Արևային Էներգիայի Իրազեկման կենտրոնը

  • 13-03-2017 14:57:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Մարտի 10-ին տեղի ունեցավ Արփի Սոլար ընկերության Արևային էներգիայի իրազեկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Պաշտոնական բացմանն իրենց խոսքը հղեցին կենտրոնի հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ինչպես նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, արևային էներգետիկայի ոլորտում համաշխարհային փորձ ունեցող Ջինկո Սոլար ընկերության ներկայացուցիչ Արդա Քրիստափորյանը և Արփի Սոլարի գործընկեր Ագբա Լիզինգ և Գլոբալ Կրեդիտ ընկերությունների ներկայացուցիչները:
Իր ելույթում պարոն Չոբանյանը նշեց գրանցված հաջողությունների և առաջիկա պլանների մասին. «Արևային էներգիայի կիրառման արդյունքն այնքան մեծ է, որ դրա հետևանքները անգնահատելի են երկրի էներգետիկ անվտանգության հարցում: Մեր գործունեության առաջին ամիսները կնվիրվեն ՀՀ յուրաքանչյուր մարզում իրազեկման կենտրոնի բացմանը, և առաջինը կլինի Շիրակի մարզը»:
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը բարձր գնահատեց կատարված աշխատանքը. «Հայաստանն ունի արևային էներգիայի օգտագործման հսկայական ռեսուրսներ, և Արփի Սոլարը երկրում այս ոլորտը զարգացնողների շարքում առաջիններից է: Խրախուսում եմ նման իրազեկման կենտրոնի բացումը, քանի որ կա արևային էներգիայի մասին տեղեկատվության պակաս, որը վստահ եմ` Արփի Սոլարը կլրացնի»:
Ջինկո Սոլար ընկերության ներկայացուցիչ Արդա Քրիստափորյանի խոսքով նման կենտրոնի բացումը մեծ առաջընթաց է երկրի համար, հատկապես այս ոլորտում, քանի որ կարևոր դեր ունի ապագա սերունդներին կրթելու գործում: Ա. Քրիստափորյանն ուրախություն հայտնեց Արփի Սոլարի հետ համագործակցության կապակցությամբ, և ասաց, որ մեծ սպասումներ ունի՝ համաշխարհային փորձը կիսելու և Հայաստանում նոր ծրագրեր իրագործելու հարցում: 
Պարոն Չոբանյանը, կարևորելով ֆինանսական ոլորտի գործընկերների՝  Ագբա Լիզինիգ և Գլոբալ Կրեդիտ ընկերությունների ներգրավվածությունն արևային էներգետիկայի զարգացման գործում,  համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով կապահովեն արևային էներգիայի տարածաշրջանային զարգացումը։ 
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ իրազեկման կենտրոնը բաց է համագործակցելու դասընթացների, սեմինարների և միջոցառումների շրջանակներում՝ զարկ տալու արևային էներգիայի տեղեկատվության մակարդակի բարձրացումը և խրախուսելու ոլորտի առաջխաղացումը:
 
***
Արփի Սոլարը, ունենալով ավելի քան 5 տարվա փորձ արևային էներգետիկայի ոլորտում, հիմնել է արևային էներգիայի իրազեկման կենտրոն՝ նպատակ ունենալով խրախուսել վերականգնվող էներգիայի օգտագործումը՝ հանուն երկրի կայուն ապագայի: Այսուհետ ընկերությունը կիրականացնի նաև ուսուցողական դասընթացներ ու փորձի փոխանակման ժամերի միջոցով կնպաստի հասարակության կողմից արևային էներգիային նախապատվություն տալուն:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ