Ներդրումային ծրագրեր տարբեր ուղղություններով


Ներդրումային ծրագրեր տարբեր ուղղություններով

  • 13-03-2017 19:37:36   | Հայաստան  |  Հասարակություն

Առողջապահության ոլորտում ընթացիկ տարվա ամենից սպասված ներդրումներից մեկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրն է։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. դեկտեմբերին։  Ծրագիրը զգալիորեն կնպաստի մեր երկրում, հատկապես` մարզերում, շտապօգնության ծառայության որակի բարելավմանը։
 
Կանխատեսվում է, որ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ։
 
ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները: Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4մլրդ ՀՀ դրամ։
 
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013թ. կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։   Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջիե միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։ 
 
Նշենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև հիվանդանոցների արդիականացման և մարզային ամբուլատորիաների կառուցման ծրագրերն  իրականացվում են պետական և մասնավոր հատվածի, միջազգային վարկային և դրամաշնորհային միջոցներով։
 
2017 թվականին առողջապահության ոլորտում  42 ծրագրով  նախատեսվում է ավելի քան 25մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Այդ թվում` բազմաթիվ բժշկական հաստատություններ վարկային, տնտեսված կամ դրամաշնորհային միջոցներով կստեղծեն նոր ծառայություններ, կվերազինվեն ժամանակակից սարքավորումներով։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play