Շրջաններում կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել


Շրջաններում կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

  • 14-03-2017 18:29:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների և կառավարության այլ պատասխանատուների մասնակցությամբ:
 
Վարչապետը հետաքրքրվել է գարնանացան աշխատանքների ընթացքով, մասնավորապես, դաշտերում տիրող իրավիճակի, սերմերի, պարարտանյութերի ու թունաքիմիկատների համար ներկայացված հայտերի, ինչպես նաև՝ տրակտորների և սարքավորումների բավարար քանակի մասին:
 
Շրջվարչակազմերի ղեկավարներն առանձին-առանձին զեկուցել են շրջաններում իրականացվող հերկի ու ցանքսի աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ առանձնապես խանգարող հանգամանքներ չկան: Նրանք ներկայացրել են ինչպես գարնանացան մշակաբույսերի, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաների ցանման, դաշտերում հատկապես մկնանման կրծողների դեմ պայքարին ուղղված միջոցառումները:
 
Գործադիր իշխանության ղեկավարը բավարար է գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և հորդորել է  հետևողական լինել, որպեսզի ժամանակին ու կազմակեպված ձևով շարունակվեն բոլոր միջոցառումները: Ա. Հարությունյանը հանձնարարել է շրջվարչակազմերի ղեկավարներին պլանավորել նաև 2017թ.-ի աշնանացան աշխատանքները և տեղերում կանոնակարգել մշակաբույսերի ցանքսի բազմազանությունը և անհրաժեշտ համամասնությունը:
 
Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը նշել է, որ շրջաններում շուտով կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ, որոնք կունենան իրավական կարգավիճակ և կգործեն շրջանային վարչակազմերի ենթակայության տակ: «Տարիներ ի վեր միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ու պահպանման հարցը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, քանի որ համակարգման ու արագ արձագանքման խնդիր կար: Այսօր արդեն որոշում ենք կայացրել յուրաքանչյուր շրջանի համար ստեղծել հնարավորություններ՝  միջհամայնքային ճանապարհների կանոնավոր սպասարկման ու դրանց բարեկարգ վիճակի ապահովման համար»,- ասել է վարչապետը:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչակազմերի գործառույթներին առնչվող այլ հարցեր:
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play